ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` Հալաբյան 41ա հասցեում գտնվող շենքն այս տարվանից մնացել է առանց պետական պահպանության։
Ծառայությունը մինչև վերջերս կոչվում էր Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայություն, և շենքն էլ բոլորին հայտնի է որպես «ԴԱՀԿ–ի շենք»։
ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատարը 2019թ.–ի նոյեմբերի 18–ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պաշտոնական գրություն է ուղարկել` հայտնելով, որ իրենք այլևս այդ շենքի պահպանությունը չեն իրականացնելու։
Այս մասին տեղեկանում ենք Իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքից։
«ԴԱՀԿ շենքը» 14 հարկանի շինություն է, որտեղ ներկա պահին 400 մարդ է աշխատում։ Այս շենքում են քաղաքացիները կատարում նաև հարկադիր կատարման վճարումները։ Պաշտոնական տվյալներով` այստեղ օրական շուրջ 250 մարդ է այցելում, գանձված օրական գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը:
Այս շենքում են պահվում նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությության աշխատակիցներին օրենքով կցված զենքն ու հատուկ միջոցները։
Մինչև 2016թ.–ն «ԴԱՀԿ–ի շենքում» էր գործում նաև ՀՀ Արդարադատության նախարարությունը, որը հետագայում տեղափոխվեց Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում կառուցված` նախարարությունների նոր շենք։
Մինչ նախարարության տեղափոխվելը, շենքի ընդհանուր պահպանությունն իրականացնում էր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Նախարարության տեղափոխվելուց հետո այդ ծառայության դիմաց ոստիկանությանը վճարել է ԴԱՀԿ–ն` «Հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցներից։ Բայց 2019թ.–ի հոկտեմբերի 10-ից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ֆոնդը լուծարվել է, միջոցները փոխանցվել են պետբյուջե։ Պարզ ասած` ԴԱՀԿ–ն ոստիկանությանը վճարելու փող այլևս չունի։
Արդյունքում` շենքում եղած փողերն ու զենքերը մնացել են առանց պահպանության։
Ստեղծված իրավիճակը շտկելու համար ՀՀ Արդարադատության նախարարությունն առաջարկում է, որ շենքը ներառվի ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների շենքերի ու շինությունների ցանկում։
Այդ փոփոխությունը թույլ կտա այսուհետ ևս ապահովել այդ պետական մարմնի անվտանգությունը` արդեն պետական բյուջեի միջոցների հաշվին։
Սթրես և սպասում. ինչը կարող էր Boeing–ը խոցելու պատճառ դառնալ. փորձագետի կարծիք
Արդարադատության նախարարության առաջարկած նախագիծը ներկայացված է հանրային քննարկման, իսկ հունվարի 25-ից հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։