Բերքաբերում միայն մեկ կրակոց է հնչել, որն ուղղված է եղել զինծառայող Արթուր Արզումանյանին

Պայմանագրային զինծառայող Արթուր Արզումանյանի կյանքին վտանգ չի սպառնում. նա ձեռքի շրջանում է վիրավորում ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի — Sputnik. Բերքաբերում այսօր միայն մեկ կրակոց է հնչել, և այն ուղղված է եղել պայմանագրային զինծառայող Արթուր Արզումանյանին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ղեկավար Արգամ Արզումանյանը։

Ադրբեջանական կրակոցից զինվոր է վիրավորվել

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ այսօր` հունվարի 11–ին, ժամը 12։25–ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարից Հայաստանի զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը վիրավորվել է։

«Արթուրը մեր գյուղից է, ինձ էլ բարեկամ է գալիս։ Բարեբախտաբար, նրա վիճակը լավ է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ձեռքի շրջանում է վիրավորում ստացել, դիրքերում»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նա հայտնեց, որ Արթուրը 37 տարեկան է։ Նա ամուսնացած է, մեկ փոքրիկ աղջիկ ունի։ Արզումանյանը հայտնեց նաև, որ զինծառայողին տեղափոխում են Երևան` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։

«2019 թվականին Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել». Փաշինյան

Ի դեպ, Բերքաբերում այժմ իրավիճակը խաղաղ է, կրակոցներ չկան։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ 2019 թվականի ընթացքում հայկական բանակում զոհերի պատմական մինիմում է գրանցվել։ Ըստ նրա` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, որքան 2019 թվականին: