Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանին կտուգանեն

Հայաստանի ոստիկանությունը որոշել է, որ քրեական պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Երևանի Օղակաձև զբոսայգում ռուս գրող, դիվանագետ, հայ ազգի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը ներկելու համար Շահեն Հարությունյանը քրեական պատասխանատվության չի ենթարկվի։

ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ այդ դեպքի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է։

«Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (արարքի մեջ հանցակազմ չկա):

Քրեական պատասխանատվության փոխարեն Շահեն Հարությունյանը կենթարկվի միայն վարչական պատասխանատվության։

Գաբրիելյանի խոսքով` որոշվել է Շահեն Հարույունյանի նկատմամբ կիրառել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 95-րդ հոդվածը։

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն

Դրանով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտողների համար նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 10-50 տոկոսի չափով։

Հայաստանում 2020թ.–ի հունվարի 1-ից սահմանված 63 000 դրամ նվազագույն աշխատավարձի պարագայում տուգանքը կկազմի 6 300- 31 500 դրամ։

Գրիբոյեդովի արձանին ներկ են լցրել. Սանդիկովը դատապարտում է, նյութեր են պատրաստվում

Հիշեցնենք` 2019թ.–ի նոյեմբերի 13–ին Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը սև ներկով ներկել էր հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը վրդովմունք էր հայտնել միջադեպի կապակցությամբ։

Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ միջադեպի մասին տեղեկություն ստանալուց հետո քննչական մարմինները քննություն են սկսել։

Շահեն Հարությունյանը դեկտեմբերի 2-ի երեկոյան facebook-ի իր էջում գրել էր, որ ներկել է Գրիբոյեդովի արձանը։

«Կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»,- գրել էր նա:

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. հայտարարություն

Նրա այդ հրապարակումը մեծ աղմուկ էր առաջացրել։ ՀայաստանումՌԴ դեսպանությունն այդ առնչությամբ մեկնաբանություն էր տարածել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը դա վանդալիզմ էր որակել`նշելով, որ նման երևույթները պետք է տեղ չունենան մեր հասարակությունում։ Խոսնակի կոսքերն ավելի ուշ հաստատեց ինքը` վարչապետ Փաշինյանը։

Շահեն Հարությունյանը հրավիրվել էր ոստիկանություն`բացատրություն տալու։ Հուշարձանին հասցված վնասի չափը պարզելու համար նշանակվել էր փորձաքննություն։