Երևան–Ղրիմ չվերթի վերաբերյալ քննարկումներ չեն եղել. Քաղավիացիայի կոմիտե

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեն հերքում է Ղրիմի խորհրդարանի պատգամավորի հայտնած տեղեկությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik.Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ Երևան–Ղրիմ չվերթի վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել «Իկար» ավիաընկերության (Pegas Fly) հետ։

«Ընկերությունը որևէ հայտ չի ներկայացրել»,– հայտնում է կոմիտեն։

Հիշեցնենք` Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, առողջավայրերի և սպորտի հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չեռնյակը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Ռուսական «Իկար» ավիաընկերությունն այս տարվա մարտին կգործարկի Սիմֆերոպոլ–Երևան կանոնավոր չվերթը, որի համար արդեն թույլտվություն է ստացել Ռոսավիացիայից։

«Ազիմուտը» իրականացրել է Երևան–Սոչի առաջին չվերթը. կլինեն նաև նոր ուղղություններ

Նշենք, որ պատգամավորի հարցազրույցից հետո Ռոսավիացիան այս առնչությամբ որևէ հայտարարություն չի արել։

«Իկար» ավիաընկերությունը ստեղծվել է 1997 թվականի հուլիսին, տեղակայված է Կրասնոյարսկի օդանավակայանում, մասնաճյուղեր ունի Մոսկվայում և Խաբարովսկում, ներկայացուցչություն` Չինաստանի Գուանչժոու քաղաքում։

Ավիաընկերությունն ունի 3 տիպի 16 ինքնաթիռ` Boeing 767-300, Boeing 737-800 և Embraer-190։ 2013 թվականին ընկերությունը դուրս է եկել միջազգային ուղևորափոխադրումների շուկա և 2015 թվականից չվերթեր է իրականացնում Pegas Fly կոմերցիոն անվան տակ։