Միջազգային մամուլի տեղեկատվության համաձայն՝ նավթը կտրուկ թանկացել է ամերիկյան ավիահարվածի հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան ֆոնին: Աճուրդի տվյալները վկայում են, որ Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 2.76 տոկոսով՝ հասնելով 68.09 դոլարի մեկ բարելի դիմաց: Իսկ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը մեծացել է 2.75 տոկոսով՝ հասնելով 62.86 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ՝ էներգակիրների շուկայի վրա ազդեցություններն ակնհայտ են և՛ գլոբալ, և՛ տարածաշրջանային առումով: Մարգարյանի կարծիքով` Դոնալդ Թրամփի վերջին հայտարարություններից մեկը շուկաները հանգստացնելու միտում ուներ և բորսաներին ուղղված հստակ ազդակ էր:
«Համենայնդեպս, այս փուլում այդպես է, որովհետև շատ արագ այդ ամենին արձագանքեցին նավթային ֆյուչերսները: Իսկ ինչ վերաբերում է ավելի տևական հեռանկարին, ապա զարգացումներն իհարկե կարող են կապված լինել ԵԱՏՄ-Իրան ընդհանուր ծրագրերի հետ»,- նշում է տնտեսագետը:
Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ նշված համատեքստում թե՛դրական, թե՛ բացասական ազդեցություններ կարող են դրսևորվել Հայաստանի տնտեսության վրա:
Իրանն առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների չի գնա. Ոսկանյան