Լավ լուր. 100–ի փոխարեն 500 նոր վերելակ կտեղադրվի Երևանում

Երևանում տեղադրվող 500 նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի 500 նոր վերելակ. Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երևանի վարչական շրջաններում նոր վերելակներ են գործարկվել

«Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը։ Նա հնգապատկել է նախօրոք հայտարարված ծավալները»,–գրել է նա։

Քաղաքապետարանում կայացած հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ փոխարինման աշխատանքների ընթացքում հաշվի կառնվեն մինչ այժմ 20 վերելակի փոխարինման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու առանձնահատկությունները։

Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցված են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։

Երևան վարչական շրջաններում նոր վերելակներ են գործարկվել

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին քաղաքապետարանը հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել: Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: