Կոնգրեսը Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձև է ընդունել. Սպիտակ տան պատասխանը

Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման մասին բանաձևը խաթարում է Իրանի սպառնալիքներին հակազդելու կարողությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատն այսօր հավանություն է տվել մի բանաձևի, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա Իրանի դեմ զինված ուժեր կիրառել առանց օրենսդիրների համապատասխան թույլատվության։ Նիստը հեռարձակվել է օրենսդրական մարմնի ստորին պալատի կայքում։

Եթե հարկ լինի, ՀՀ–ն պատրաստ է միջնորդել. Գրիգորյանը` ԱՄՆ–Իրան հարաբերությունների մասին

Նախաձեռնությանը հավանություն են տվել 224 կոնգրեսական, դեմ են արտահայտվել 194–ը։ Փաստաթղթին աջակցել են 3 հանրապետական, դեմ հանդես եկել` 8 դեմոկրատ։

Բանաձևը նախագահին պարտավորեցնում է Իրանի դեմ ռազմական գործողություններ չսկսել այնքան ժամանակ, մինչև ամերիկյան վարչակազմը Կոնգրեսից չստանա համապատասխան թույլտվություն կամ Միացյալ Նահանգների վրա զինված հարձակում տեղի չունենա։ Փաստաթղթի հեղինակը Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիսա Սլոտկինն է (դեմոկրատ` Միչիգան նահանգից)։ Կենտրոնական հետախուզական վարչությունում աշխատելու ժամանակ նա մի քանի անգամ եղել է Իրաքում։

Սպիտակ տունն արդեն հասցրել է քննադատել բանաձևը։

«Պալատի բանաձևը կխաթարի Իրանի և նրա աջակցած ուժերի ահաբեկչական գործունեությունը կասեցնելու` ԱՄՆ ԶՈւ–ի կարողությունը, սրանով փորձ է արվում խանգարել նախագահին երկիրը և պետության շահերը տարածաշրջանի սպառնալիքներից պաշտպանելու գործում», – գրված է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլիի հայտարարության մեջ։

Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ կոնգրեսի այս գործողությունները սխալ են, բանաձևը` անհեթեթ ու քաղաքական, որովհետև օրենքի ուժ չունի։

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողություն է իրականացնելու։ 

«Իրանը միջուկային զենք չի ունենա». Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել