Ի՞նչ են խոստանում Հայաստանին Իրանի դեմ պատժամիջոցները. չկա չարիք` առանց բարիքի

Իրանի նկատմամբ ԱՄՆ–ի կիրառած նոր պատժամիջոցներից Հայաստանի ու ԵԱՏՄ անդամ այլ երկրների տնտեսությունները ոչ միայն չեն տուժի, այլև կարող են շահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Ամերիկյան պատժամիջոցների հետևանքները Հայաստանի համար այնքան սարսափելի չեն, որքան թվում են կամ ներկայացվում։ Հատկապես, որ դրանք առաջինը չեն ու դեռ պարզ չէ` վերջինը կլինեն, թե ոչ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նշելով` «Չկա չարիք` առանց բարիքի»։ Ընդդիմադիր պատգամավորն այս հարցում շատ լավատես է։

«Ինչ–որ առումով դա կարող է անգամ որոշակի դրական արդյունքների բերել, իրանական ապրանքները կարող են ավելի էժանանալ ու Հայաստանով հոսել դեպի ԵԱՏՄ շուկա։ Ընդհանուր առմամբ, կողմ չլինելով պատժամիջոցների կիրառմանը`պետք է ասեմ, որ այդ առումով իրացման շուկաներում դա կարող է հանգեցնել ավելի մրցունակ ապրանքների հայտնվելուն»,– ասաց Մելքումյանը։

Այդուհանդերձ, տնտեսական խնդիրները մեր հարավային հարևանի կյանքում նորություն չեն։ Մելքումյանի բնորոշմամբ` Իրանը տարիներ շարունակ հարմարվել է այդ պայմաններին ու վերածվել ինքնաբավ, ինքնապահովող երկրի։ Մինչև ԱՄՆ–ի հետ վերջին խնդիրները, Իրանն արդեն իսկ որոշակի տնտեսական խնդիրներ ուներ` կապված ազգային արժույթի արժեզրկման հետ։

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի նոր պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը հայ–իրանական տնտեսական հարաբերությունների ու Հայաստանի տնտեսության վրա` Միքայել Մելքումյանը կարծում է, որ երկկողմ ընթացիկ ծրագրերից որևէ մեկը դրա հետևանքով չի տուժի։

«Մենք ունենք համատեղ էներգետիկ կարևոր ծրագիր, որով գազ ենք ստանում Իրանից ու էլեկտրաէներգիա ենք տալիս։ Բարձրավոլտ էլեկտրական գծերը շարունակում են կառուցվել և 2020թ.–ին պետք է կառուցված–ավարտված լինեն, որպեսզի ստացվող գազի և իրացվող էլեկտրաէներգիայի ծավալները մեծացնենք, և մենք շահենք։ Դա սանկցիաներից դուրս է, որովհետև սանկցիաները կիրառվում են վճարահաշվարկային համակարգերի նկատմամբ։ Իսկ մենք այս դեպքում բարտեր ենք անում»,– ասաց Մելքումյանը։

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ. ցուցակում 17 առաջատար ընկերություններ կան

Պատգամավորի համոզմամբ` վտանգված չէ նաև 2019թ.–ին Երևանում ստորագրված Իրան–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի ճակատագիրը։ Համաձայնագրի դրույթները, նրա խոսքով, մնալու են ուժի մեջ` անկախ տարածաշրջանային ու տնտեսական զարգացումներից։

2019թ.-ի հոկտեմբերի 1–ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցի շրջանակներում, Իրանի նախագահը հայտարարել էր, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների համատեղ զարգացմամբ, այդ թվում`Պարսից ծոցը Սև ծովին միացնելու տրանզիտային ուղիներին, Հայաստան– Իրան երկաթուղու շինարարությանը վերաբերող ծրագրերով։

Երկաթուղին, Միքայել Մելքումյանի համոզմամբ, հեռանկարային ծրագիր է։ Իսկ Հյուսիս–հարավ ավտոճանապարհը մինչև Իրան հասցնելու հարցում գնդակը ներկա պահին դեռ Հայաստանի դաշտում է։

«Մենք պետք է մեր ճանապարհները կառուցենք, և դա գնա մինչև Սև ծով և այնտեղից դուրս գա դեպի արտաքին շուկաներ, դեպի Պարսից ծոց։ Իսկ երկաթուղին այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ է լինելու, որևէ ֆինանսավորում այդ ծրագիրն այս պահին չունի։ Դա ավելի շատ կապված է Մետաքսի ճանապարհի հետագա ճակատագրի հետ, թե դրա մի թևը ինչպես պետք է անցնի Հայաստանի վրայով»,– ասաց Մելքումյանը։

ԱԺ պատգամավորի համոզմամբ` Հայաստանն ամերիկյան պատժամիջոցներից այս պահի դրությամբ անհանգստանալու առիթ չունի։ Նրա համոզմամբ` Հայաստանի համար շատ ավելի կարևոր է կայունության ու խաղաղության ապահովումը հարևան երկրներում ու տարածաշրջանում։

Ինչ հետևանքներ կունենա իրանցի գեներալի սպանությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար

Հիշեցնենք` պատժամիջոցների նոր ալիքը Իրանի նկատմամբ Վաշինգտոնը կիրառեց 2018թ–ի oգոստոսի 6-ին, երբ ԱՄՆ–ը հայտարարեց «միջուկային գործարքից» դուրս գալու մասին։

Մինչ այդ` 2015 թվականին կնքված գործարքի շնորհիվ 3 տարի շարունակ պատժամիջոցներ Իրանի նկատմամբ չէին կիրառվել։ Տնտեսական նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ–ն հայտարարեց նաև 2019թ.–ի նոյեմբերին։

Դրանցով վերահսկողություն էր սահմանվում Իրանի քաղաքացիական միջուկային ծրագրի նկատմամբ, սահմանափակվում էին միջուկային զենք ստեղծելու` Իրանի հնարավորությունները։

Հերթական նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ–ն հայտարարեց արդեն 2020թ.–ին, երբ երկու երկրների հարաբերություններում նոր լարում առաջացավ։

«Իրանը միջուկային զենք չի ունենա». Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել

Նոր հայտարարված պատժամիջոցներով նախատեսվում է վերահսկել Իրանի շինարարական ոլորտը, քանի որ այն, ԱՄՆ պետդեպարտամենտի համոզմամբ, ուղղակորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից։

ԱՄՆ–ն այս կազմակերպությունը համարում է ահաբեկչական։ Ի պատասխան Իրանը ահաբեկչական կազմակերպություն է համարում ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, ԱՄՆ–ն` «ահաբեկչությունը հովանավորող պետություն»։

Այսօր` հունվարի 10–ին արդեն, հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 17 առաջատար արտադրողների և լեռնահանքային ընկերությունների նկատմամբ։ Բացի դրանից, ԱՄՆ–ն այսօր պատժամիջոցներ է ընդունել ութ իրանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ամերիկյան բազաներին հասցված հարվածների համար։ Պատժամիջոցներից կազատվեն միայն նրանք, ովքեր կօգնեն հետաքննել Իրանում Boeing–ի կործանումը։

Հիշեցնենք`Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հունվարի 3–ին Բաղդադում ամերիկյան հարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։ Հետագա օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց վերացնել Իրանի առանցքային օբյեկտները, այդ թվում նաև մշակութային հուշարձանները։

Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ առաջնորդը նահանջեց` ասելով, որ պատրաստ է խաղաղության, սակայն մյուս կողմից էլ հայտարարեց Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։