ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Բոլորին է հայտնի, որ Հայաստանում ամանորյա սեղանը տարբերվում է սովորականից։ Տարվա վերջին շաբաթներին սկսում են աճել այդ սեղանի ճոխությունն ապահովելու վարկերը։ Ճիշտ է, 2018թ.–ից սպառողական վարկերն ընդհանուր առմամբ աճել են` կապված թե՛ ավտոմեքենաներ ներկրելու, թե՛ սպառման ոլորտի հետ։ Մարդիկ ուզում էին ավտոմեքենա գնել նախքան Հայաստանի` ազգային մաքսատուրքերից եվրասիականին անցում կատարելը։
Ի դեպ, 2020թ.–ի հունվարի 1–ից այդ անցումն արդեն կատարվել է։ Բայց, ընդհանուր առմամբ, աճում է նաև սպառողական վարկավորումը։ Այդ միտումը նշում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` դա կապելով հեղափոխությունից հետո բարձր ակնկալիքների հետ։
Իսկապես, վիճակագրական տվյալների համաձայն` 2018թ.–ի մարտից 2019թ.–ի հոկտեմբեր ամիսներին դրամային վարկերի ընդհանուր պորտֆելն աճել է գրեթե 70 տոկոսով։ Ազգային արժույթով վարկերը գրեթե հավասարվել են օտարերկրյա արտարժույթով վարկերին (դրանք նույնպես աճել են, բայց մոտ 7 տոկոսով)։
Հայաստանում սպառողական վարկերն ավելի արագ են աճում, քան տնտեսությունը. Արամյան
2019թ.–ի վերջին, նախկինի պես, ավելի շատ դրամային վարկեր են վերցրել։ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն` տարվա կեսին շաբաթական վերցրել են 50-60 միլիարդ դրամի վարկ, իսկ դեկտեմբերին` ավելի քան 70 միլիարդ դրամի։ Դոլարով մի քիչ ավելի քիչ են վերցրել` շաբաթական մոտ 60 միլիոն։ Բնականաբար, սրանք միջինացված ցուցանիշներ են, քանի որ ցուցանիշներն ամեն շաբաթ կարող են տատանվել։
Ինչու են կրճատվել դոլարային վարկերը` կարելի է միայն ենթադրել։ Ենթադրություններից մեկը` ավարտվում է ավտոմեքենաների ներկրման հետ կապված վարկային բումը։ Չէ՞ որ մեքենաները պետք էր հասցնել բերել մինչև 2020թ.–ը։ Իսկ եթե դեկտեմբերին վարկ վերցնես` մեքենան լավագույն դեպքում տեղ կհասնի մոտ 2 ամիս անց։ Այսպիսով, ավտոմեքենա գնելու վարկեր սկսել են ավելի քիչ վերցնել, այդ թվում` դոլարով։
Իհարկե, այս ենթադրությունն այդքան ստույգ չէ. վարկեր վերցնում են ոչ միայն սպառողները, այլ նաև արդյունաբերողները։ Թեև թվերը ցույց են տալիս, որ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում վարկերը չեն շատանում։ Զգալի աճ նկատվում է միայն սպառողական վարկերի հարցում։
Հայաստանյան առևտրային բանկերում ավտովարկերի տրամադրման 5 % աճ է գրանցվել. Մաթևոսյան
Ընդհանուր առմամբ (դրամը և արտարժույթը միասին վերցրած), դեկտեմբերի առաջին երեք շաբաթներին (2019թ.–ի վերջին շաբաթվա տվյալներն առայժմ անհասանելի են) ավելի քիչ վարկեր են վերցրել, քան մեկ տարի առաջ նույն շրջանում` 2018թ–ին` 200 մլրդ դրամ և մոտ 227 մլն դոլար, 2019թ–ին` 237 մլրդ դրամ և 145 մլն դոլար։ Սա նույնպես հաստատում է, որ ավտոմոբիլային բումը դադարել է։
Մնում է ստուգել մեկ այլ ենթադրություն` արդյո՞ք հեղափոխությունից հետո ավելի շատ վարկեր են վերցնում Ամանորի նախաշեմին, քան դրանից հետո։ Այդ հարցին անհնար է միանշանակ պատասխանել, որովհետև Հայաստանում ավտոմոբիլային վարկերը գրեթե միշտ ձևակերպում են որպես սպառողական (մեքենան գրավի տակ չեն դնում, որպեսզի այն ավելի արագ վերավաճառեն)։
2018թ.–ի դեկտեմբերին անհատները վերցրել են 47 միլիարդ դրամի վարկ կամ 40 տոկոսով ավելի, քան 2017թ.–ին։ Բայց առայժմ դժվար է ասել, թե որքանով են «մեղավոր» մեքենաները, որքանով` սպառումը։ Դա կպարզվի, երբ պատրաստ լինեն 2019թ.–ի դեկտեմբերի տվյալները։ Այդ ժամանակ կարելի կլինի համեմատել 2019թ.–ի հետբումային դեկտեմբերը 2017թ.–ի նախահեղափոխական դեկտեմբերի հետ։
Ամեն դեպքում, ափսոսանքով նշում ենք, որ սպառումը, ինչպիսին էլ այն լինի, շարունակում է ավելի արագ աճել, քան ազգային արդունաբերությունը։
Հայաստանի տնտեսությունն աշխուժացրել են սեզոնային գործոններն ու ավտովարկավորման շուկան