Ավիաընկերությունը չեղարկել է Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. «Armenia Airways» ավիաընկերության Երևան-Թեհրան-Երևան չվերթը, որը նախատեսված է հունվարի 10-ին, կայանալու է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Մինչդեռ «UR» ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 12-ին նախատեսած Էրբիլ-Երևան-Էրբիլ չվերթը»,- հայտնում է կոմիտեն։

Հաղորդագրության մեջ նշված է, որ չվերթը չեղարկվել է ավիաընկերության նախաձեռնությամբ։

Քաղավիացիայի կոմիտեն կոչ է անում զերծ մնալ ոչ հավաստի տեղեկություններ տարածելուց և հետևել իրենց պաշտոնական հաղորդագրություններին։

Նշենք, որ «Armenia Airways»-ը Երևանից Թեհրան և հակառակ ուղղությամբ շաբաթական 4 չվերթ է իրականացնում։

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 8-ի գիշերը ուկրաինական ընկերությանը պատկանող Boeing 737-800–ը կործանվել էր թռիչքից գրեթե անմիջապես հետո Թեհրանի օդանավակայանից քիչ հեռու։ Մահացել էին օդանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր` 176 մարդ։ Նույն գիշեր Իրանը հրթիռակոծել էր Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ Այս գործողությունը հաջորդել էր հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը տեղի ունեցած դեպքերին, երբ ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ, և այդ գործողությունների հետևանքով նրանք երկուսն էլ մահացել էին։ ԻՀՊԿ-ն էլ հայտարարել էր, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողություն է իրականացնելու։ 

Ավելի վաղ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու հիմք չկա։