ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 17 առաջատար արտադրողների և լեռնահանքային ընկերությունների նկատմամբ, ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Բացի դրանից, ԱՄՆ–ն այսօր պատժամիջոցներ է ընդունել ութ իրանցի պաշտոնյաների դեմ, որոնք պատասխանատու են ամերիկյան բազաներին հասցված հարվածների համար, հայտարարել է Մնուչինը։
«Մենք գործողություններ ենք ձեռնարկում իրանցի ութ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, որոնք մասնակցել են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը և ներքաշված են եղել բալիստիկ հրթիռների գրոհի մեջ»,– ասել է նա։
Մնուչինը հավելել է, որ պատժամիջոցներից կազատվեն միայն նրանք, ովքեր կօգնեն հետաքննել Իրանում Boeing–ի կործանումը։
Իրանն առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների չի գնա. Ոսկանյան
Հիշեցնենք` Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հունվարի 3–ին Բաղդադում ամերիկյան հարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահից հետո։ Հետագա օրերին Իրանը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց վերացնել Իրանի առանցքային օբյեկտները, այդ թվում նաև մշակութային հուշարձանները։ Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ առաջնորդը նահանջեց` ասելով, որ պատրաստ է խաղաղության, սակայն մյուս կողմից էլ հայտարարեց Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։
Մոտակա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արևելքում իրավիճակը հանգիստ չի լինի. Սաֆրաստյան