Իրանն առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների չի գնա. Ոսկանյան

Իրանագետը կարծում է, որ իրանցիներն օգտագործելու են բոլոր հնարավորությունները, որպեսզի Մերձավոր Արևելքում վերացնեն Ամերիկայի զինված ուժերի ներկայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Իրանն առաջիկայում ԱՄՆ–ի հետ բանակցությունների չի գնա։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Իրանի տնտեսության թուլացումը Հայաստանի համար վատ հետևանքներով է հղի. իրանագետ

Արդեն հայտնել էինք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվեց հունվարի 3–ին Բաղդադում ամերիկյան հարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Այնուհետև Իրանը մի շարք հրթիռային հարվածներ հասցրեց Իրաքում տեղակայված ամերիկյան բազաներին։

«Երկու օր առաջ եմ վերադարձել Իրանից և պետք է ասեմ, որ Իրանի ներսում տրամադրությունները բավական հանգիստ են։ Վրիժառության գործողություն, ըստ էության, Իրանն իրականացրեց, սակայն առաջիկայում բանակցությունների չի գնա. շիայական իսլամում մարդու մահից հետո քառասունքի ընթացքում բանակցությունները բացառվում են»,–ասաց Ոսկանյանը։

Ղևոնդյան. «Լարվածությունն իր մետաստազներն է տարածում մերձավորարևելյան ռեգիոնում»

Նրա խոսքով` իրանցիներն օգտագործելու են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հասնեն նրան, որ Մերձավոր Արևելքում վերացնեն Ամերիկայի զինված ուժերի ներկայությունը։

Sputnik Արմենիայի հարցին, թե ԱՄՆ կիրառած պատժամիջոցներին կկարողանա՞ Իրանը դիմակայել` Ոսկանյանը պատասխանեց, որ ԱՄՆ–ն Իրանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր բոլոր փաթեթներն արդեն իսկ կիրառել է։

«Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների կիրառման հետ կապված շատ բան չի փոխվի Իրանի համար. մի քանի անձ կհայտնվի պատժամիջոցների ցուցակում, և վերջ։ Բացի այդ, իրանցիների մոտ այժմ փոփոխություն կա, քանի որ Սոլեյմանիի սպանությունը ջուրը գցեց ԱՄՆ–ի` Իրանի ներսում ցնցումների հասնելու զանազան կառուցակարգերի աշխատանքը։ Հասարակությունն Իրանում հիմա խիստ համախմբված է»,–ասաց նա։

Եթե հարկ լինի, ՀՀ–ն պատրաստ է միջնորդել. Գրիգորյանը` ԱՄՆ–Իրան հարաբերությունների մասին

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնաց վերացնել Իրանի առանցքային օբյեկտները, այդ թվում` նաև մշակութային հուշարձանները։ Հրթիռակոծությունից հետո ԱՄՆ առաջնորդը նահանջեց` ասելով, որ պատրաստ է խաղաղության, սակայն մյուս կողմից  հայտարարեց Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին։