Քոչարյանի պաշտպանները դատավոր Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին

ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդությունից հետո մտադիր են հանդես գալ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու միջնորդությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին:

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ նիստից առաջ ծանուցագիր է ստացել և դեռ չի հասցրել ծանոթանալ միջնորդությանը: Նա Քոչարյանի փաստաբաններին հարցրեց, թե խափանման միջոցը փոխելու միջնորդություններին անդրադառնալուց առաջ իմաստ ունի՞ ինքնաբացարկի միջնորդությանը ծանոթանալ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ի պատասխան ասաց, որ ավելի նպատակահարմար կլինի նախ քննել ինքնաբացարկի միջնորդությունը:

Դրանից հետո դատարանը շարունակեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդության քննությունը, որը սկսվել էր նախորդ նիստում (միջնորդությունը վերաբերում է Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն)։

Նշենք, որ Օհանյանը դատարանի թույլտվությամբ ժամանակավորապես մեկնել էր Գերմանիա` բուժման, հետո վերադարձել էր Երևան։

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանը մերժել էր 2-րդ նախագահի պաշտպանների` Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու բողոքը: Պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Հիշեցնենք` Քոչարյանին 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել:

Գործով անցնում են նաև պաշտպանության նախկին փոխնախարարը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը: Հետաքննությունը Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և Խաչատուրովին մեղադրում է «սահմանադրական կարգի տապալում» հոդվածով։

Քոչարյանը մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև նոյեմբերի 12-ին, սակայն դատավորը մերժել էր այն։