ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
«Դուք կանգնած եք եղել Ղարաբաղյան շարժման, Հայաստանի ու Արցախի անկախության հռչակման, 20-րդ դարավերջին հայոց պետականության վերականգնման և կայացման ակունքներում: Մեծ ու ծանրակշիռ է Ձեր դերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կայանալու, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման գործում։ Չեմ կարող չնշել Ձեր բեղմնավոր գիտական գործունեությունը և բարձրարժեք աշխատությունները»,-նշվում է Տեր–Պետրոսյանին ուղղված ուղերձում:
Նախագահ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:
Հիշեցնենք` Խորհրդային Հայաստանի նոր ղեկավար դարձավ գիտնական-բանասեր, արևելագետ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը ներկայացնում էր «Հայոց համազգային շարժում» հասարակաքաղաքական կազմակերպությունը։
Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնացել էր քաղաքական ակտիվությամբ դեռևս ուսանողական տարիներին։ Ձերբակալվել ու մեկ շաբաթ մեկուսարանում էր անցկացրել հանրահավաքին մասնակցելու համար, որը կազմակերպվել էր 1965 թվականի ապրիլի 24-ին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 50-ամյա տարելիցին։
Լևոն Տեր–Պետրոսյանի կողմնակիցները վերադառնում են իշխանություն․ «Փաստ»
1988 թվականի փետրվարին դարձել է «Ղարաբաղ» ոչ ֆորմալ կոմիտեի ղեկավար, իսկ նույն տարվա դեկտեմբերին ձերբակալվել է ու կես տարի անցկացրել մոսկովյան «Մատրոսկայա տիշինա» բանտում։
1989 թվականին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Ժողովի պատգամավոր, իսկ մեկ տարի անց, 1990 թվականի օգոստոսի 4-ին` Գերագույն Ժողովի նախագահ։
1990 թվականի հոկտեմբերին նա պատմության մեջ Հայաստանի առաջին նախագահը դարձավ։