ԱՄՆ–ն պատրաստ է Իրանի հետ բանակցել առանց նախապայմանների

ՄԱԿ–ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը նամակ է ուղարկել Անվտանգության խորհուրդ` բացատրելով Մերձավոր Արևելքում Վաշինգտոնի գործողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսել` Մերձավոր Արևելքում լարվածությունը մեղմացնելու համար, ասվում է ՄԱԿ–ում ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթի` Անվտանգության խորհրդին հասցեագրված նամակում։

«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին

ԱՄՆ–ի և Իրանի միջև հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Բաղդադի մոտ սպանվել է իրանական «Ալ Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Պենտագոնը հաստատել է իր առնչությունն իրանցի գեներալի սպանության հետ։

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին

Ինչպես հաղորդում է Reuters–ը, Քրաֆթը հայտարարել է, որ ԱՄՆ–ի նպատակն «իրանական ռեժիմի կողմից միջազգային խաղաղության և անվտանգության հետագա սպառնալիքը կանխելն է»։

Նրա խոսքով` Սոլեյմանիի սպանությունն արդարացված է ՄԱԿ կանոնադրության 51–րդ հոդվածով, որը պետությանն ինքնապաշտպանվելու իրավունք է տալիս։

«ԱՄՆ–ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում, որպեսզի պաշտպանի ամերիկացիներին և իր շահերը»,–ասվում է նամակում։

Ինչպես նշել է Քրաֆթը, 2019թ–ի դեկտեմբերի 29–ին ամերիկացիների ավիահարվածները իրաքյան «Ալ Հաշդ աշ Շաաբի» շիական աշխարհազորին` դարձել են «Իրանի և նրա աջակցությունը վայելող խմբավորումների կողմից հարձակումների պատասխանը»։

Քրաֆթի խոսքով` նպատակն Իրանին հարձակումներ կատարելուց կամ հարձակումներին աջակցելուց հետ պահելն է։

Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։

Իրանն ԱՄՆ-ին դաժան վրեժ է խոստանում Բաղդադում սպանված իրանցի գեներալի համար

Հունվարի 8–ի գիշերը հրթիռակոծվել են Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազան և ավիաբազան։ Ի պատասխան` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի Թեհրանի դեմ։