ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ է. առևտրի կենտրոնում գտնվող քաղաքացիներին տարհանում են։ Sputnik Արմենիային ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու։
«ԱԻՆ աշխատակիցներն արդեն այցելել են առևտրի կենտրոն ու մարդկանց զգուշացրել, որ երկրաշարժի լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,–ասաց նա։
«Դալմա գարդեն մոլի» խանութներից մեկի աշխատակիցն էլ հայտնեց, որ տնօրենությունից են իրենց զգուշացրել` մարդկանց պետք է տարհանել։
«Տեխնիկական խնդիրներից ելնելով` առևտրի կենտրոնը դադարեցրել է իր աշխատանքը ժամանակից շուտ և ահազանգ հնչեցրել, որ տարհանման աշխատանքներ արվեն։ Ժամը 19։45–ին գրեթե բոլորն արդեն դրսում են եղել։ Առևտրի կենտրոնը սովորաբար փակվում է ժամը 22։00–ին»,–հայտնեցին «Դալմա գարդեն մոլից»։
ԱԻՆ-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որ հանրապետության տարածքում՝ մասնավորապես, Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ չի սպասվում։
Այս տաք և չոր օրերը խիստ մտահոգիչ են. Սուրենյանը ծաղկած ձնծաղիկների լուսանկար է հրապարակել
Նշենք, որ համացանցում էլ լուրեր են տարածվում, թե եղանակային պայմաններից ելնելով` նման տաքացման դեպքում, հնարավոր է երկրաշարժ լինի։
ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնում է, որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը հանրապետությունում վերահսկվում է և հորդորում է հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր Facebook սոցցանցի իր էջում գրել էր, որ կայուն շարունակվող տաք և չոր օրերն արդեն ոչ թե ուրախալի են, այլ խիստ մտահոգիչ։ Օդի ջերմաստիճանը շարունակում է բարձր մնալ կլիմայական նորմայից 3-5 աստիճանով: