Փաշինյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել. նա մանրամասներ է հայտնում

ՀՀ վարչապետը հայտնում է, որ հակաամերիկյան ու հակաիրանական գործողություններում Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik.Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան ու հակաիրանական գործողությունների մեջ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,– գրել է վարչապետը:

Հիշեցնենք` հունվարի 7-ի, լույս 18-ի գիշերն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար ամերիկացիներից վրեժ լուծելու գործողության մեկնարկի մասին։ «Երկիր–երկիր» դասի հրթիռներն Իրանից ուղարկվել են Իրաքի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ու Էրբիլում գտնվող բազաներ, որտեղ տեղակայված է ԱՄՆ–ի բանակի զորակազմը։ Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել ավելի քան 10 բալիստիկ հրթիռ։