ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Ոչ միայն մեքենաների, այլև մոտ 700 ապրանքի ներկրման մաքսատուրքեր են գանձվելու»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է 2020 թվականին սպասվող տնտեսական միտումներին և այն գործընթացներին, որոնց հիմքերը դրվեցին նախորդ տարի:
Sputnik
Մարգարյան. «Ոչ միայն մեքենաների, այլև մոտ 700 ապրանքի ներկրման մաքսատուրքեր են գանձվելու»

Հարկային օրենսդրության այն փոփոխությունները, որոնք կատարվել են մասնավորապես եկամտային հարկի և փոքր կամ ընտանեկան բիզնեսի հարկային արտոնությունների մասով, պետք է որ որոշակիորեն նպաստեն տնտեսական ակտիվության ավելացմանն ու հարկային բազայի ընդլայնմանը: Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Փաշինյանի գրառման հետքերով. ինչու չի խոսվում շահումով խաղերի ու առևտրի մասին

«Ձեռնարկատիրության և ներդրումային միջավայրի վրա ազդեցություններն այդ ամենի արդյունքում կարող են լինել դրական, և 2019 թ-ի ներդրումների հետ կապված ոչ բարենպաստ զարգացումների միտումը կփոխվի՝ գրանցելով ներդրումային որոշակի աճ: Բայցևայնպես ամեն ինչ կախված կլինի որոշ գործոնների, տնտեսական քաղաքականության ինստիտուցիոնալ բաղադրիչների ներդաշնակ համադրությունից»,- նշեց նա:

Ըստ Մարգարյանի՝ մյուս կողմից ռիսկերն էլ բավականաչափ մեծ են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019թ.-ին աճի զգալի հատվածը ձեռք բերվեց հատկապես օգտագործված ավտոմեքենաների ներկրման ու վերավաճառքի հաշվին, ինչը հունվարի 1-ից դադարել է աշխատել:

«Հունվարի 1-ից սկսել է լիարժեքորեն գործել ԵԱՏՄ երկրների մաքսասակագնային կարգավորման օրենսդրությունը, և այն արտոնյալ ժամկետը, որը տրված էր Հայաստանին չորս տարվա անցումային փուլի համար, սպառվել է: Նշանակում է, որ երրորդ երկրներից ոչ միայն մեքենաների, այլև մոտ 700 ապրանքատեսակների ներկրման մաքսատուրքեր են գանձվելու»,- նշեց տնտեսագետը:

Նրա կարծիքով` ժամանակ է պետք, որ երկրների շուկաները հարմարվեն նոր պայմաններին, ի հայտ գան նոր գործընկերներ, որպեսզի պահանջարկին ու առաջարկին առնչվող նախկին գործոնները վերախմբավորվեն ու լրացնեն բացը:

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին