Կեղծ մեդալների գործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ պաշտոնյայի

40 000 դրամանոց արծաթե մեդալների փոխարեն տարիներ շարունակ ԱԺ–ն գնել է 4000 դրամանոց մետաղյա կեղծ մեդալներ։ Բոլոր գնումներն իրականացվել են ԱԺ պաշտոնյաների մտերիմ գործարարներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ԱԺ–ի կեղծ մեդալների գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել. նրանցից մեկը ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ն է, մյուսը` մեդալների պատրաստումն ու վաճառքն իրականացրած գործարարը։

Դատախազությունը հասավ Գագիկ Բեգլարյանի եղբորը. այր ու կին իրար հետ պայմանագիր են կնքել

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, հարուցված քրեական գործով պարզվել է, որ բաժնի վարիչը, ԱԺ ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական ստորաբաժանումների այլ պատասխանատու պաշտոնատար անձանց հետ, 2015-2017թթ–ին հայտարարել և իրականացրել են Ազգային ժողովի պատվո մեդալների ու Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի գնումներ:

Գնման գործընթացներում պաշտոնատար անձինք ու գործարարները` մեկ ՍՊԸ–ի սեփականատեր ու մեկ անհատ ձեռներեց (Ս.Ե.-ն), նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել նախատեսված գնից շուրջ 10 անգամ ցածր արժեքով մեդալներ ձեռք բերելու շուրջ:

Այսպես, հաստատված չափորոշիչներով` պատվո մեդալն ու հուշամեդալը պետք է պատրաստված լինեն արծաթից և պատված լինեն ոսկու շերտով։ Դրանց արժեքը պետք է լինի 38.000-40.000 դրամի սահմաններում:

Մինչդեռ գնված մեդալների իրական արժեքը կազմել է շուրջ 4000 դրամ։ Դրանք պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից ու երեսպատվել ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

Նախորդ 1.5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Փաշինյան

2015-17թթ–ին այս կարգի 32 գործարք է կատարվել վերոնշյալ ՍՊԸ–ի ու Ա/Ձ-ի հետ` 30 մլն ՀՀ դրամ արժողությամբ։

Այդ ընթացքում ձեռք է բերվել ՀՀ Ազգային ժողովի նախագահի 278 հուշամեդալ և ՀՀ Ազգային ժողովի 75 պատվո մեդալ։ Այս գործարքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի է ունեցել 9.5 մլն ՀՀ դրամի չարաշահում։

Այդ գումարի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ Ք. Խ.-ին, իսկ նրան օժանդակելու համար՝ ՍՊԸ–ն փաստացի ղեկավարող Գ. Գ.-ին:

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որն ավելի ուշ փոխարինվել է գրավով։ Դատախազությունը, սակայն, հայտնում է, որ պատրաստվում է բողոքարկել կալանավորումը գրավով փոխարինելու` դատարանի որոշումը։

Նշենք, որ մինչ այս պաշտոնական հայտարարությունը, մամուլում արդեն տեղեկություններ էին հայտնվել տվյալ քրեական գործի վերաբերյալ։

Ըստ մամուլի հրապարակումների` քրեական գործում ներգրավված գործարարները «ՎԳ ԳՐԵԳՈ» ՍՊԸ-ի սեփականատերն ու անհատ ձեռներեց Սուրեն Եղիազարյանն են։

Նշենք, որ քրեական գործի հարուցման համար հիմք էր հանդիսացել 2019թ.–ի հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից ներկայացված հաղորդումը կեղծված մեդալների գնման մասին։