Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի

Այս տարվա Ամանորը Մկրտչյանների ընտանիքում տոնական չի անցել. 10–ամյա տղան որոշել է հրավառություն անել, սակայն ճայթուկը պայթել է նրա ձեռքում։ Տավրոսն ուրախ է` մինչ այդ հասցրել է Ձմեռ պապին նամակ գրել։
Sputnik

Կարինե Հարությունյան, Sputnik Արմենիա

10–ամյա Տավրոս Մկրտչյանը տեսել է` ինչպես է ձեռքի մեջ պայթող ճայթուկի հետևանքով աջ ցուցամատը կտրվել, սակայն չի գիտակցում, որ զրկվել է մատից։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող երեխան հույս ունի, որ մատը վերականգնվելու է...

Մի խումբ լրագրողներով մտնում ենք երեխայի հիվանդասենյակ` նրա հետ կատարվածի մասին մի փոքր զրուցելու։ Տավրոսը ֆոտոխցիկներից չի ճնշվում. հերթով ուսումնասիրում է բոլորիս, ժպտում։ Մինչև կսկսենք հարցուփորձը, երեխան սավանն է ուղղում, վերմակը և դրա տակ էլ թաքցնում ձեռքի հեռախոսը։ Հետո սկսում է պատմել, որ այս տարի որոշել էր Ամանորը դիմավորել ոչ թե Երևանում` ծնողների հետ, այլ տատիկի և պապիկի հետ` Թալինում։

«Նոր տարուց առաջ պապիկիցս փող ուզեցի, որ հրավառության համար ճայթուկ գնեմ։ Թաթոսի խանութից էլ գնեցի ու անհամբեր սպասում էի գիշերվա գալուն, որ պայթեցնեմ։ Տատիկենք երկրորդ հարկում են ապրում, գիշերը ժամը 11։55 դուրս եկա պատշգամբ ու պայթեցրի. ճայթուկը ձեռքիս մեջ պայթեց»,–պատմում է Տավրոսը` զննելով առջևում շարված մեծ–մեծ տեսախցիկները։

Հիվանդասենյակում նաև Տավրոսի մայրն ու քույրն են, որոնք մնացել են լրագրողներիս հետևում և չեն միջամտում զրույցին։ Հիվանդասենյակ է մտնում տղային վիրահատած բժիշկը` միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը: Տղայի աչքերը փայլում են. սիրել է բժշկին։ Բժշկի ներկայությունը նույնպես չի կաշկանդում տղային ու մինչ կշարունակի պատմել դեպքի մասին, լուրջ–լուրջ ասում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժշկիս` Արթուր Հարությունյանին, իմ կյանքը փրկելու համար»։ Բոլորը ծիծաղում են, Տավրոսն էլ ինքն իր ասածի վրա նախ ծիծաղում է, հետո անմեղ հայացքով նայում մեզ` ակնարկելով, որ ասածը լուրջ էր, հետո ի՞նչ, որ մեծական թվաց։

Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի

Տղան հիշում է նաև, որ ձեռքի մեջ ճայթուկի պայթելուց հետո տատիկն ու պապիկն իրեն տեղափոխել են Թալինի հիվանդանոց, որտեղ վիրակապել են վերքերը և որոշել տեղափոխել Երևան` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Տավրոսն ասում է` լուրջ բան չի եղել իր հետ` բութ մատի վերևի հատվածն է «պոկվել», որը կարել են, իսկ կողքի մատի եղունգն է «թռել»։

«Կլավանա ձեռքս, ոչինչ, ուղղակի ուզում եմ ասել, որ պայթուցիկներ ու ճայթուկներ երեխաներին վաճառելը պետք է արգելվի։ Պիտի չթողնեն, որ դրանք Հայաստան ներմուծվեն»,– ասում է տղան ու հուզվում։

Ճայթուկը պատահաբա՞ր է պայթել, թե՞ աղջնակն է այն պայթեցրել. հերթական դեպքը Շիրակի մարզում

Օպերատորներն ու լրագրողներս դուրս ենք գալիս հիվանդասենյակից։ Դեպքի հետ կապված այլ մանրամասներ պատմում է միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը. տղան հիվանդանոց է տեղափոխվել Ամանորի գիշերը, ժամը 01։30 սահմանում։ Աջ ձեռքի բազմաթիվ վնասվածքներով է հիվանդանոց ընդունվել` դաստակի վերքեր, երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին և երրորդ մատների ոչ լրիվ անդամահատում, ձեռքի մեջ օտար մարմիններ, մկանների ջնջխում։ «Անդամահատված մատն արդեն վերականգնման ենթակա չէր, սակայն առաջին և երրորդ մատները վերականգնվել են։ Երեք ժամ է տևել վիրահատությունը։ Տղան տեսել է, որ պայթյունի հետևանքով կտրվել է մատը, սակայն մտածում է` ժամանակի ընթացքում այն կվերականգնվի»,–ասաց Հարությունյանն ու հավելեց` Տավրոսն այսօր դուրս կգրվի։

Հրավառության «գինը». 10–ամյա Տավրոսը հույս ունի, որ կորցրած ցուցամատը հետո կվերականգնվի

Հիվանդասենյակ եմ վերադառնում։ Տղայի մայրը` Վարդուհի Եղիազարյանը, ասում է` դեպքից հետո դեռ ուշքի չեն գալիս ու հոգեբանորեն ավելի շատ Տավրոսին են փորձում կոփել, չնայած իրենք էլ ունեն դրա կարիքը։ Նա դեպքի մասին խոսել չի ուզում, սակայն պատկան մարմիններից մեկ բան է խնդրում ու պահանջում` անչափահասներին պայթուցիկների վաճառքը պետք է օրենքով արգելվի։

Տավրոսն էլ իմ ու մոր խոսակցությունը փոխելու համար ասում է, որ նախքան դեպքը կլիներ, ինքն արդեն Ձմեռ պապին նամակ էր գրել ու կվադրոցիկլ ուզել։ Դեպքից հետո Ռուսաստանում գտնվող տղայի հայրը զանգել և վստահեցրել է` Ձմեռ պապը բերել է նվերը, սակայն հորն է փոխանցել։

Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել

Տղան նաև հավելում է` հիվանդանոցում անցկացրած օրերին մտափոխվել է մասնագիտության ընտրության հարցում և այժմ ոչ թե տանկիստ, այլ բժիշկ է ուզում դառնալ։

«Մինչև հիվանդանոց ընկնելս վախենում էի ներարկումից, վիրակապ անելուց, սակայն հիմա ոչ մի բանից չեմ վախենում։ Պատրաստ եմ բժշկիս` Արթուր Հարությունյանի պես բուժել երեխաներին` չվախենալով արյուն–մարյունից»,–ասում է Տավրոսը։

Ի դեպ, այս տարվա դեկտեմբերից մինչ օրս պայթուցիկների հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 6 երեխա, որից երկուսի դեպքում ձեռքի մատների ամպուտացում է կատարվել։

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ...». Արսեն Թորոսյան