ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Խոր վշտով ստացա Թեհրանի մոտակայքում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի կործանման ցավալի լուրը: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Այս դժվարին պահին մենք Ուկրաինայի բարեկամ ժողովրդի կողքին ենք»,- նշված է Ուկրաինայի նախագահին ուղղված հեռագրում:
ՀՀ վարչապետը ցավակցական խոսք է հղել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին։
«Հայ ժողովրդի անունից իմ խորին ցավակցություններն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և Իրանի բարեկամ ժողովրդին»,- նշված է հեռագրում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և հարազատներին ՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ:
Հրաշքով չի նստել ինքնաթիռ. մանրամասներ Իրանում կործանված ինքնաթիռի ուղևորների մասին
Ուկրաինական ինքնաթիռը վթարի է ենթարկվել անցած գիշեր Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայանի մոտակայքում գրեթե թռիչքից անմիջապես հետո: Մահացել են 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ: Հիմնական պատճառ է նշվում շարժիչի բոցավառումը: Սակայն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» նախագահ Եվգենի Դիխնան հայտարարել է, որ ինքնաթիռը տեխնիկապես հզոր էր, նա նաև բացառել է անձնակազմի սխալվելու հավանականությունը: