ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Սոլեյմանիի սպանությունից հետո բախումներ կլինեն ազդեցության գոտիներում»

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված զարգացումներին:
Sputnik
Վարդանյան. «Սոլեյմանիի սպանությունից հետո բախումներ կլինեն ազդեցության գոտիներում»

ԱՄՆ-ի կողմից իրանական 52 թիրախներ խոցելու հանգամանքը միանշանակ չի ընդունվել հենց ԱՄՆ-ի ներսում: Sputnik Արմենիայի եթերում այս մասին ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանը։

Սոլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ տասնյակ մարդիկ են մահացել. ԶԼՄ

«Թրամփի քննադատները նշում են, որ նրա քայլը սխալ էր հաշվարկված: Մեր տարածաշրջանում ականատես կլինենք աննախադեպ լարման, որովհետև Սոլեյմանին սովորական գեներալ չէր, այլ շատ հեղինակավոր անձ, որի հեղինակությունն ահռելի էր ոչ միայն Իրանում, այլև տարածաշրջանում: Նրան հարգում էին նույնիսկ Իրանի նկատմամբ տարածաշրջանում թշնամաբար տրամադրված երկրները»,- նշեց իրանագետը:

Վարդանյանի համոզմամբ՝ հակամարտությունը ԱՄՆ-ի ու Իրանի անմիջական պատերազմի չի հանգեցնի, այլ տեղի կունենան բախումներ երկու երկրների ազդեցության գոտիներում: Անմիջական պատերազմի վտանգը երկուստեք հասկանում են, ավելին՝ Թրամփի վարկանիշն այդ գործողությունից հետո ունեցել է որոշակի անկում:

«Սոլեյմանիի սպանությունն Իրանում ունեցել է կոնսոլիդացիայի դերակատարություն, և այդ երկրի հասարակությունը համախմբվել է իշխանության շուրջ, ինչը չի բխում Միացյալ Նահանգների շահերից, որը միշտ ցանկացել է Իրանում տեսնել իրեն ձեռնտու վարչակարգ»,- նշեց իրանագետը:

Վարդանյանի խոսքով՝ վերջին զարգացումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ին չի հաջողվել թուլացնել Իրանի դիրքերը Մերձավոր Արևելքում, իսկ թե հետագայում ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:

ՀՀ–ում Իրանի դեսպանությունը Սոլեյմանիի մահվան կապակցությամբ սգո մատյան կբացի

Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։

Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ–ից` ավիահարվածների ժամանակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սպանելով Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի (Իրանի ԶՈւ մի մաս) գեներալին ԱՄՆ–ն ծանրագույն հանցագործություն է արել, որն Իրանը չի մոռանա։

Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե ամերիկացիների վրա գրոհ իրականացվի։ Համաշխարհային հանրությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ–ին և Իրանին։

Իրանը հրաժեշտի նման արարողություն վաղուց չէր տեսել. Սոլեյմանիին 3 մլն մարդ է հրաժեշտ տվել