ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Իրաքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողության ժամանակ Քերման քաղաքում առաջացած հրմշտոցի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով IRIB իրանական հեռուստառադիոընկերությանը։
Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողությունը նրա հարազատ քաղաքում` Քերմանում, սկսվել է այսօր առավոտյան։ Միջադեպի հետևանքով 35 մարդ է մահացել։ Եվս 48-ը տուժել են։
«Շտապօգնության» ղեկավար Փիր Հոսեյն Քուլիվանդը հայտնել է, որ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։
Նա ավելացրել է, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Հետաքննություն է ընթանում։
Սա ԱՄՆ-ի ամենախոշոր հանցագործությունն է Իրանի դեմ․ Ռոհանին այցելել է Սոլեյմանիի ընտանիքին
Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։
Միևնույն ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ–ից` ավիահարվածների ժամանակ սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի համար։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ սպանելով Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի (Իրանի ԶՈւ մի մաս) գեներալին ԱՄՆ–ն ծանրագույն հանցագործություն է արել, որն Իրանը չի մոռանա։
Ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե ամերիկացիների վրա գրոհ իրականացվի։ Համաշխարհային հանրությունը զսպվածության կոչ է արել ԱՄՆ–ին և Իրանին։
Ղասեմ Սոլեյմանիին հողին կհանձնեն այսօր, հրաժեշտի արարողություններն անցկացվել են երեկ։ Թեհրանում և Իրանի մյուս քաղաքներում կազմակերպված սգո արարողություններին մասնակցել է շուրջ 3 մլն մարդ։
«Խելագար Թրամփ». սպանված գեներալի դուստրը «սև օրեր» է խոստացել ԱՄՆ նախագահին