Հայաստանյան ուղղափառ եկեղեցիներում այսօր նշում են Սուրբ ծնունդը, բայց Լոռու մարզի Ամրակից գյուղում ապրող ռուս ուղղափառները ստիպված են բավարարվել իրենց եկեղեցու դիմաց դրված փոքրիկ սեղանի վրա մոմ վառելով ու եկեղեցու փակ դռան դիմաց աղոթելով։
170-ամյա եկեղեցին կրում է համաքրիստոնեական սուրբ Նիկոլայ Հրաշագործի (ռուս.` Николай Чудотворец) անունը։ Արդեն ավելի քան 30 տարի այս եկեղեցու դռները փակ են հավատացյալների առաջ։
Հրաշալի շինությունը վնասվել է 1988 թ–ի երկրաշարժից ու հետագա 30 տարիների անուշադրության հետևանքով վթարային դարձել։
Եկեղեցու բոլոր դռներն ու լուսամուտները ամուր կողպված են` չվտանգելու համար նրանց կյանքը, ովքեր կփորձեն ներս մտնել։
Զանգակատունն ավերված է։ Երբեմնի հզոր զանգերի փոխարեն օդում ճոճվում են կտրված պարանները։
Եկեղեցու բակում է գտնվում նաև Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը նույնպես գտնվում է անմխիթար վիճակում։
Ուղղափառ եկեղեցին Լոռու մարզի ռուսական գյուղում կառուցվել է 1848 թ.–ին, վերակառուցվել 1910-1914 թթ–ին ու գործել մինչև 1988 թ.–ը։
Բնակիչների խոսքով` այստեղ եկեղեցական տոների առիթով ժամերգություններ կատարելու համար ժամանակ առ ժամանակ Գյումրիից Ամրակից է գալիս հոգևոր հայրը։
Կրակոցների տակ ապրող հավատքը. Չինարիի եկեղեցին` հայ–ադրբեջանական պայքարի լուռ վկան է