ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանում Իրանի դեսպանատանը Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ կապված սգո մատյան կբացի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Հայաստանում Իրանի դեսպանատունը։
«Սգո մատյանում հնարավոր կլինի գրառումներ կատարել վաղը, ժամը 15.00-ից մինչև 17.00–ն ընկած ժամանակահատվածում, և հինգշաբթի, ժամը 11.00-ից մինչև 13.00-ն», – հայտնեցին Իրանի դեսպանատանը։
Մեր տեղեկություններով` դեսպանատուն կայցելեն ՀՀ ՊՆ և ԱԳՆ ներկայացուցիչներ։ Սակայն հայտնի չէ, թե բարձրաստիճան այրերից ով գրառում կանի սգո մատյանում։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ միջոցառմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցության մասին դեռ տեղեկություն չկա։ Հայտնի չէ նաև, թե արդյոք միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ ցավակցությունների գրքեր են բացվել աշխարհի մի քանի երկրներում տեղակայված Իրանի դեսպանատներում, այդ թվում` Ռուսաստանում և Ադրբեջանում։
Հիշեցնենք` հունվարի 2-ի, լույս 3-ի գիշերը ԱՄՆ–ն Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջակայքում գործողություններ էր իրականացրել Սոլեյմանիի և իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի դեմ։ Վաշինգտոնում համարում են, որ նրանք առնչություն ունեն 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա իրագործված հարձակման հետ։
Իրանում հրաժեշտ են տվել 62-ամյա գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, նրան ազգային հերոսի պես են հուղարկավորել։ Նման արարողություն երկրում չէր եղել 1989 թվականից ի վեր, երբ հողին էին հանձնել այաթոլա Խոմեյնիին։