ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջատար երկիրը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ի իր պաշտոնական էջում` նշելով, որ Հայաստանն այդ ցուցանիշին հասել է` առաջ անցնելով հարևան Վրաստանից և Ադրբեջանից:
«Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին»,- նշված է գրառման մեջ:
Որպես ասվածի ապացույց` Փաշինյանը կից ներկայացրել է Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնական կայքի հղումը։ Արձանագրված տվյալները պաշտոնապես հրապարակել է հիմնադրամը։
Ավելի ուշ Փաշինյանը խմբագրեց գրածը` նշելով, որ իր գրառման նախորդ վարկածն անճշտություն էր պարունակում։
«Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։ Հ.Գ. Գրառման նախորդ վարկածը անճշտություն էր պարունակում, ինչի համար ներողություն եմ խնդրում: Ըստ ամենայնի՝ Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց ամենաուշը տարվա վերջին կանցնենք: Իրար հետ: Դուխով»,– գրեց նա
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին ԱԺ–ում 2020թ.–ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Հայաստանում 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ–ի ցուցանիշին։
«Այս սանդղակում Հայաստանը եթե ոչ միշտ, առնվազն վերջին տասնամյակներում եղել է վերջինը։ 2020թ.–ին Հայաստանի Հանրապետությունը լինելու է առաջինը»,– ասել էր Փաշինյանը։
Հակոբյան. «Որտեղի՞ց են թվերը, որոնք Փաշինյանը պարբերաբար ներկայացնում է հանրությանը»
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով` 2019 թվականի երրորդ եռամսյակում ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 616 220 հազար դրամ, որը համարժեք է շուրջ 1312 ԱՄՆ դոլարի։