ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Դերասան Հովհաննես Ազոյանին ծեծելու փաստով խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դերասանի հետ միջադեպը տեղի էր ունեցել հունվարի լույս 3-ի գիշերը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը տեղում պարզել է կատարվածի մանրամասները և Հովհաննես Ազոյանից հաղորդում ընդունել։
Ոստիկանության ծառայողները պարզել են նաև Ազոյանին հարվածներ հասցրած անձի ինքնությունը։ Նա Երևանի 30-ամյա բնակիչ է, որն արդեն ոստիկանական բաժնում կատարվածի վերաբերյալ բացատրություն է տվել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնում խուլիգանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Այն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։
Հիշեցնենք, որ Ազոյանը ծեծի էր ենթարկվել հունվարի 3-ին, ժամը 04:00-ի սահմաններում։ Հրազդանի կիրճում` «Դար 21» հեռուստաընկերության մոտ, նրան ծեծել էր Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանը։ Վերջինս ձեռքերով հարվածել էր Ազոյանի մարմնի տաբեր մասերին ու գլխին։
Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին
Ազոյանն այս մասին գրառում էր կատարել Facebook սոցիալական ցանցի իր էջում։
«Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամեն ինչ նորմալ է։ Գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի»,–գրել էր նա։
Ազոյանի խոսքով` հետհեղափոխական Հայաստանում կիսագողական բարքեր տարածող մշակույթն առ այսօր վտանգ է պարունակում հասարակության համար։
Գործ ունենք կիսագողական բարքերի հետ. Ազոյանը` իրեն ծեծելու դեպքի մասին