«Հանրությունն իրավունք ունի կասկածելու». Մելիքյանը` «Դիանա Հարությունյանի» գործի մասին

Քանի դեռ չի հրապարակվում, թե Քրեական օրենսգրքի ինչ հոդվածով է գործը հարուցված, հանրությունն իրավունք ունի կասկածելու՝ քրգործ առհասարակ հարուցված է, թե` ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Վարչապետի կողմից նախապես քաղաքական բնույթի ակնարկներ պարունակող գրառում կատարելն ու հաջորդ օրն իսկ ԱԱԾ-ի տարածած տեսագրությունը, որը ևս քաղաքական ուղղվածություն ուներ, մտահոգություններ է առաջացնում, թե որքանով են այս պատմության մեջ ճշմարտությունը և քաղաքական նպատակահարմարությունը միախառնված։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավաբան, Արցախի Հանրապետության նախկին օմբուդսման Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Facebook-ի «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարող տղամարդուն բերման ենթարկելու տեսանյութին։

«Ի թիվս այլ տարօրինակ փաստերի` արձանագրենք երկու տարօրինակ փաստ` նշված չէ, թե քրեական գործ որ հոդվածով է հարուցված, ես այդպիսի բան չեմ հիշում վերջին ժամանակահատվածում, մինչդեռ եթե քրեական գործ է հարուցված, պետք է հոդվածը նշվի, երկրորդը՝ ոչ միայն ինքնությունը հրապարակված չէր այդ անձի, այլև միջոցներ էին ձեռնարկված այդ ինքնությունը թաքցնելու համար՝ դեմքը փակել, ձայնը փոխել»,–նշեց Մելիքյանը։

Նրա կարծիքով՝ այս դեպքում հանրությունն իրավունք ունի կասկածելու՝ քրգործ առհասարակ հարուցվա՞ծ է, թե՞ ոչ։ Մելիքյանը կարծում է, որ եթե քաղաքական բովանդակություն չլիներ, այլ, օրինակ, անձը խոստովաներ, որ համագործակցել է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ, այդ դեպքում ինքնությունը չբացահայտելու` նման սահմանափակումները հասկանալի և արդարացված կլինեին։ 

ԱԱԾ-ն «Դիանա Հարությունյանին» բերման է ենթարկել. տեսանյութ

«Հաշվի առնելով, որ այստեղ ակնհայտ քաղաքական նպատակ կար, հանրությունն իրավունք ունի իմանալու, թե խոսքն ում մասին է` առնվազն դիրքորոշում կազմելու համար, թե որքանով է պետության իրավապահ մարմինների կողմից ներկայացված վարկածը ճշմարտանման։ Մանավանդ, երբ ակնհայտ մշակված տեքստ էր կարդացվում, և այն ուներ քաղաքական բովանդակություն»,- ասաց Մելիքյանը։

Մելիքյանը նշեց, որ քաղաքացուն բերման ենթարկելու տեսագրությունն արվել է առանց փաստաբանի, ինչը ևս կասկածի տեղիք է տալիս։ Նա վստահ է, որ եթե անձը գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության ներքո և չունի պաշտպան, ենթադրվում է, որ ցանկացած տեքստ կարող է արտասանել։

Հիշեցնենք` հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։

Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան

Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։

Արդեն հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Facebook-ի «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարող օգտատիրոջը։ Այս մասին հայտնում էր ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, որը նաև տեսանյութ էր հրապարակել։

Տեսանյութը Facebook-ի իր էջում տարածել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին և պարզեց նրա քաղաքական կապերը»,- տեսանյութին կից գրել էր նա:

Տեսանյութում բերման ենթարկված անձը նշել էր, որ հրապարակումն արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ, և «անարդար է գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։

Հիշեցնենք` հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում: