ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Սուրբ ծնունդի կապակցությամբ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հանդիսավոր պատարագ։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը։ Պատարագը մատուցել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։
Նալբանդյանը սուրբծննդյան պատարագի ընթացքում կարդացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը, որն այս օրն ընթերցում են աշխարհի հայկական եկեղեցիներում։
Նալբանդյանը դատապարտել է Սիրիայում ընթացող ահաբեկչական պատերազմը։ Նրա խոսքով՝ սիրիացիների գիտակցությունը եղել և մնում է ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր երաշխիքը։
Սիրիայի նախագահ Բաշար Ալ–Ասադի հանձնարարությամբ` նախագահական պալատի հարցերով նախարար Մանսուր Ազամը երկրի ղեկավարի անունից շնորհավորել է Սիրիայի հայ առաքելական եկեղեցու թեմին Սուրբ ծնունդի կապակցությամբ։
Հայերը տոնում են Քրիստոսի Սուրբ ծնունդը
Նախարար Ազամն այցելել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանին՝ նրան և թեմին հանձնելով Բաշար Ալ–Ասադի շնորհավորանքները Սուրբ ծնունդի կապակցությամբ։ Ասադը հաջողություն և բարեկեցություն է մաղթել սփյուռքի որդիներին։
Եպիսկոպոսն իր հերթին երախտագիտություն է հայտնել նախագահին Սիրիայի քրիստոնեական համայնքներին աջակցելու համար։ Նա հաջողություն է մաղթել նախագահին` ազգի բարեկեցությանն ու համերաշխությանն ուղղված աշխատանքում։