Ինչ են զրուցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարները. մանրամասներ

Երկու երկրների արտգործնախարարները քննարկել են վերջին օրերին մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան

«ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Արտգործնախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ Արտգործնախարար կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիզքաթափումը»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մա՛հ Ամերիկային». Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանին

Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու սերտ համագործությունն իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման 52 թիրախ է մատնանշել. Թրամփ

Հիշեցնենք` Իրանի և ԱՄՆ հարաբերությունները սրվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Ղասեմ Սոլեյմանին սպանվել  է հունվարի 3-ին Բաղդադում` հրթիռակոծության հետևանքով։ Նրա մարմինը տեղափոխվել է Իրան։ Գեներալին հրաժեշտ տալու են եկել միլիոնավոր իրանցիներ, որոնք բարձրախոսներով բացականչում են` մա՛հ Ամերիկային։ Ղասեմ Սոլեյմանին կհուղարկավորեն հունվարի 7-ին Քերմանում: