ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի –Sputnik.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել «Դիանա Հարությունյան» Facebook-ի կեղծ էջը վարող օգտատիրոջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, որը նաև տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութը Facebook-ի իր էջում տարածել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԱԱԾ-ն օպերատիվ բացահայտեց սադրանքի հեղինակին եւ պարզեց նրա քաղաքական կապերը»,- տեսանյութին կից գրել է նա:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» Facebook-ի կեղծ էջը վարողի ինքնությունը։
Վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
«Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։
2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան
Հիշեցնենք` ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյանը» Facebook-ի իր էջում տեղեկություն էր հրապարակվել, իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։