ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացրել. սահմանին իրավիճակը կայուն է

ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում օպերատիվ իրավիճակը գնահատվում է կայուն. Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ի պատասխան Թուրքիայի որոշման․ մարշալ Հաֆթարը համընդհանուր զորահավաք է հայտարարել

«Պաշտպանության նախարարությունում զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել։ Խորհրդակցությունն անցկացվել է տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով»,–գրում է նա։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին օրերին ստեղծված իրավիճակը, այս ուղղությամբ տրվել են հատուկ ցուցումներ։

Իրանում մարդիկ ցավակցում են իրար. Հայաստանը պետք է պատրաստ լինի նոր սրացումների

Հիշեցնենք, որ երեկ գիշեր ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդատի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։

Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ` «արտերկրում ԱՄՆ անձնակազմի պաշտպանության նպատակով»։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ դաժան հակահարվածը չի ուշանա։

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այդ թեմայով խորհրդակցություն էր հրավիրել: