ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ խորապես մտահոգված է վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի:
«Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից: Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության», - նշված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այս գիշեր ամերիկյան ուժերը հրթիռակոծել են Իրաքի մայրաքաղաք Բաղդատի օդանավակայանի տարածքը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հարվածներն ուղղված են եղել մի քանի թիրախի, որոնց թվում են եղել նաև օդանավակայանի կողքով անցնող ավտոմեքենաները։ Դրանցից մեկում գտնվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, ԻԻՀ գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, որը մահացել է։
Պենտագոնը պաշտոնապես հայտարարել է, որ այդ ռազմական գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ` «արտերկրում ԱՄՆ անձնակազմի պաշտպանության նպատակով»։
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն հայտարարել է, որ դաժան հակահարվածը չի ուշանա։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր այս թեմայով խորհրդակցություն էր հրավիրել:
Որտեղ է սպանվել իրանցի գեներալը. համացանցում լուսանկարներ են հայտնվել