Ճայթուկի պատճառով երեխան զրկվել է մատներից մեկից. ԲԿ–ի խոսնակը մանրամասներ է ներկայացրել

16-ամյա մի տղա էլ պայթուցիկի պատճառով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները։ Բուժկենտրոն դիմած 6 անձանցից 2-ը շարունակում են բժիշկների հսկողության տակ մնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի–Sputnik. Ամանորի գիշերը ճայթուկից տուժած 10-ամյա երեխայի վնասված մատներից մեկը փրկել չի հաջողվել։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթակա չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ Իսկ 16-ամյա տղան պայթուցիկի հետևանքով մատների կոտրվածքներ է ստացել, վնասվել են նաև ձեռքի մկանները»,– նշված է գրառման մեջ։

Դերձյանը նաև նշում է, որ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» են դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ Նրանցից 4-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ։

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ...». Արսեն Թորոսյան

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ Facebook-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել էր պայթուցիկների ու հրավառությունների պատճառով գրանցված դժբախտ դեպքերին։ Նա նշել էր, որ վերջին 2 օրերին հանրապետության տարբեր բուժկենտրոններ է դիմել 52 անձ։

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից»,– գրել էր նա` ներկայացնելով ճայթուկներից տուժած քաղաքացիների տարիքային տվյալները։

Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել

Թորոսյանը գրառմանը կից ներկայացրել էր 10–ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարը` նշելով, որ երեխայի հետ դժբախտ դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։

Հավելենք, որ դեկտեմբերի սկզբին Արսեն Թորոսյանը հրապարակել էր 10-ամյա Գարուշ Թարվերդյանի ձեռքի ռենտգեն նկարը։ Պայթուցիկի պատճառով փոքրիկի բութն ու ցուցամատն ամպուտացրել էին, իսկ միջնամատը հաջողվել էր «հավաքել»։ Թորոսյանը հրապարակված լուսանկարին կից հորդորել էր ծնողներին չգնել պայթուցիկներ երեխաների համար` մինչև օրենքով կկանոնակարգեն կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը։