«Ձայնի» հաղթողը հայտնի է. Շնուրովի թիմը ներողություն է խնդրել Գագարինայից․ տեսանյութ

Հաղորդման երկրպագուները հիացած էին այդ քայլով, ինչի մասին նրանք գրել են համացանցում հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. «Ձայնը» երաժշտական շոուի եզրափակիչի մասնակից, Սերգեյ Շնուրովի թիմի անդամ Անտոն Տոկարևը հունվարի 1-ին կայացած հաղորդման վերջին թողարկման ընթացքում ներողություն է խնդրել ժյուրիի անդամ` հայտնի երգչուհի Պոլինա Գագարինայից, ու նրան ծաղկեփունջ նվիրել։

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին

Նշենք՝ երեկ Առաջին ալիքով կայացավ երաժշտական շոուի ութերորդ սեզոնի եզրափակիչը։ Մասնակիցները պետք է իրենց հայտնի մարզիչների հետ երգեր կատարեին։ Անտոն Տոկարևը Սերգեյ Շնուրովի հետ երգեց «Սուպեր գուդ» երգը։ Հատուկ այս ելույթի համար երգից հանել էին հայհոյախառը բառերը, սակայն տեքստում հիշատակվում էին ժյուրիի անդամների` մասնավորապես՝ Վալերի Սյուտկինի ու Պոլինա Գագարինայի անունները։

Անսպասելի էր. Կոնստանտին Մելաձեն «Ձայնը-8»-ի մենամարտերի փուլում չընտրեց Իննա Սայադյանին

Ելույթի ընթացքում Անտոն Տոկարևը ծաղկեփնջով մոտեցավ Պոլինա Գագարիային ու ասաց. «Առաջինը՝ սա Ձեզ համար է, ներեցեք մեզ ամեն ինչի համար»։ Երբ երգչուհին ընդունեց ծաղիկները, երիտասարդ Տոկարևը շարունակեց ելույթը։

Հաղորդման երկրպագուները հիացած էին այդ քայլով, ինչի մասին նրանք գրել են համացանցում հրապարակված տեսանյութի մեկնաբանություններում։ Բանն այն է, որ ավելի վաղ Սերգեյ Շնուրովի թիմից` Արսենի Կուրչանինն իր երգը նվիրել էր Պոլինա Գագարինային։ Նա կատարում էր «Ռուկի Վերխ» խմբի «Лишь о тебе мечтая» երգն ու ելույթ էր ունենում «քյարթուի» կերպարով՝ կանաչ մարզահագուստով, մեծ ոսկյա շղթայով ու նման ոճի ժամացույցով։ Նա այնքան էր դերի մեջ մտել, որ մոտեցել էր Գագարինայի սեղանին ու փողոցային ոճով բավականին կոպիտ ձևովով արևածաղկի սերմեր էր թափել նրա սեղանին` ասելով. «Վերցրու, սիրելիս, սրտանց»։

Դա ակնհայտորեն դուր չէր եկել Գագարինային, և նա չէր էլ թաքցնում դա։ Սակայն նրա գործընկեր Շնուրովն իրեն էլ ավելի վատ էր պահում. նա համառորեն երգչուհուն էր մեկնում սեղանից վերցրած սերմի հատիկը։ Ելույթից հետո հաղորդավար Դմիտրի Նագիևը նշել էր, որ այդ ամենը բավականին սադրիչ էր, իսկ Գագարինան արտահայտել էր իր դժգոհությունը, նշելով, որ Կուրչանինը նախկինում իր վրա համեստ ու դաստիարակված երիտասարդի տպավորություն էր թողել։

Դուք չհանձնվեցիք, հետո էլ կինս կուրախանա․ ինչպես Մելաձեն հայ երգչին ընտրեց «Ձայնը» շոուում

Գագարինան խնդրել է Շնուրովին մոտենալ ու հավաքել իր ուսուցչի հետևից։ «Լենինգրադ» խմբի առաջնորդը հավաքել է արևածաղկի սերմերն ու փոխանցել դրանք հանդիսատեսներից մեկին։

Հիշեցնենք՝ Առաջին ալիքի «Ձայնը» շոուի ամանորյա եթերի ժամանակ որոշվել է շոուի հաղթողը։ Նա Կաբարդինաբալկարիայից 28-ամյա Ակսեր Բերբեկովն է` Կոնստանտին Մելաձեի թիմից։

Բերբեկովը կատարել է Էլվիս Փրեսլիի Can"t Help Falling in Love երգը։ Նրա հետ մրցում էին Արսեն Մուկենդին, Իվ Նաբիևն ու Անտոն Տոկարևը։ Հաղթողը որոշվել է ուղիղ եթերում հանդիսատեսի sms-քվեարկությամբ։ Բերբեկովը ստացել է ձայների 66,1%-ը։

Ավելի վաղ «Ձայնը» ծրագրի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հանդիսատեսի քվեարկությունն անցկացվում է «մեկ փուլ ՝ մեկ ձայն» սկզբունքով։ Քվեարկությունից ստացված գումարն ուղղվելու է բարեգործական նպատակների։

Սկանդալից հետո 1-ին անգամ Ալսուի դուստրը խոսել է «Ձայնը․ երեխաներ» շոուի մասին

Հիշեցնենք՝ «Ձայնը» հայտնի միջազգային The Voice նախագծի ռուսական տարբերակն է։