ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Վերջին 2 օրերին պայթուցիկներից, հրավառություններից տուժած 52 անձ է դիմել Հայաստանի Հանրապետության բժշկական տարբեր կենտրոններ։ Այս մասին Facebook–ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից»,– գրել է նա` ներկայացնելով ճայթուկներից տուժած քաղաքացիների տարիքային տվյալները։
52 տուժածներից 8–ը (15%) 7-14 տարեկան երեխաներ են, 7–ը` (13%) 15-17 տարեկան դեռահասներ և 37–ը` (72%) 18 տարեկան և դրանից բարձր տարիքի մեծահասակներ։ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։
Թորոսյանը գրառմանը կից ներկայացրել է 10–ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարը` նշելով, որ երեխայի հետ դժբախտ դեպքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։
Առողջապահության նախարարը հիշեցրել է նաև, որ պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների վերաբերյալ օրինագծերն արդեն շրջանառության մեջ են դրված։
Սա երեխայի ջնջխված մատների ռենտգեն նկարն է. Արսեն Թորոսյանը դիմել է ծնողներին
Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին Արսեն Թորոսյանը հրապարակել էր 10-ամյա Գարուշ Թարվերդյանի ձեռքի ռենտգեն նկարը։ Պայթուցիկի պատճառով փոքրիկի բութն ու ցուցամատն ամպուտացրել էին, իսկ միջնամատը հաջողվել էր «հավաքել»։ Թորոսյանը հրապարակված լուսանկարին կից հորդորել էր ծնողներին չգնել պայթուցիկներ երեխաների համար` մինչև օրենքով կկանոնակարգեն կենցաղային պայթուցիկների վաճառքի սահմանափակումների հարցը։
Ձմեռ պապին ո՞նց եմ նամակ գրելու. պայթուցիկը 10-ամյա Գարուշի ձեռքերի մեջ է պայթել