Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Տարվա գլխավոր տոնին ամեն ոք յուրովի է սպասում։ Մեկի համար այն կախարդանք է, մյուսի համար՝ ավելորդ հոգս։ Նոր տարվա իրական փիլիսոփայության և տոնը նշելու հին հայկական ավանդույթների մասին է պատմում Sputnik Արմենիայի թղթակիցը։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Ժողովրդական ավանդազրույցների համաձայն՝ Նոր տարին տոնելու ավանդույթը հայերի մոտ շուրջ 4,5 հազարամյակի պատմություն ունի։ Պատմության տարբեր ժամանակահատվածներում այն տարբեր օրեր են նշել։ 

Հարյուրամյակներ առաջ Նոր տարին դիմավորում էին գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին։ Այն կոչվում էր Ամանոր, բերքի համանուն աստծո պատվին․․․ Նավասարդը տոնում էին օգոստոսի 11-ին։ Արդեն ավելի ուշ՝ XVIII դարում, կաթողիկոս Սիմեոն Երևանցու հրամանով տարվա գլխավոր տոնը տեղափոխվեց հունվարի 1-ին։

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Յուրաքանչյուր ժամանակահատված իր առանձնահակությունն ուներ, սակայն հայտնի է, որ հայերը միշտ այն առանձնակի շուքով են նշել։ Իսկ այն մասին, թե ինչպես են փոխվել Նոր տարվա ավանդույթները և նրա ընկալումը վերջին 200 տարվա ընթացքում, Sputnik Արմենիայի թղթակցին  պատմել է ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը։

«Իրականում, տոնը շատ կարևոր գործառույթ ունի։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս ազատվել կուտակված նեգատիվից և դրական էներգիա ստանալ։ Դա է պատճառը, որ նահապետական հասարակության համար տոնը մեծ նշանակություն ուներ», - ասում է նա։

Այդ կապակցությամբ հնուց մի սովորույթ կար, որը հասել է նաև մեր օրերը՝ Ամանորից առաջ անպայման պետք է մաքրել տունը, դեն նետել կամ սարքել (եթե դեռ հնարավոր է) կոտրված իրերը, գույքը, ազատվել մաշված իրերից։

Եվս մեկ կարևոր ավանդույթ, որը պահպանում էին մեր նախնիները, այն էր, որ նրանք իրենց հետ նոր տարի «չէին տեղափոխում» վեճերն ու կոնֆլիկտները։ Անհրաժեշտ էր հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ գժտված էին` տարին դրական հույզերով սկսելու համար։

Նավասարդի գաղտնիքը. ինչու էին հայերն Ամանորը տոնում օգոստոսի 11-ին

Գուցե այն մասամբ պահպանվել է մինչ օրս, ինչը չի կարելի ասել  մեկ այլ, ոչ պակաս կարևոր ավանդույթի մասին․ վեճերից բացի, նոր տարի չէր կարելի «տանել» նաև պարտքերը։  Վճարելով դրանք և հաշտվելով նեղացածների հետ, մարդը  ձեռք էր բերում ներդաշնակություն, որն անհրաժեշտ էր Նոր տարին դիմավորելու համար։

Իհարկե, այսօր էլ շատերը փորձում են մինչև Ամանոր մարել իրենց պարտքերը, չնայած վերջին տարիներին «մոդայիկ է դարձել» Նոր տարին նշելու համար վարկ վերցնելը, ինչը, ազգագրագետի կարծիքով, այդքան էլ ճիշտ չէ։

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

«Իհարկե, տոնը պետք է կարգին նշել, չէ՞ որ այն հնարավորություն է տալիս առօրյա հոգսերից ձերբազատվել և հանգստանալ, մտերիմների հետ շփվել։ Սակայն կաշվից դուրս գալ պետք չէ։ Կարևոր է հիշել` գլխավորը ոչ թե սեղանին դրված ուտելիքն ու ուտեստներն են, այլ ներքին ուրախությունը», - հիշեցնում է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նախկինում մարդիկ այդքան էլ չէին մտահոգվում, որ իրենց գցած սեղանը, հարևաններից լավը լինի։ Նրանց համար առավել կարևոր էր տոնի գաղափարը։

«Հյուրասիրում էին այն, ինչ ունեին։ Մեր նախնիները քաջ գիտակցում էին, թե ինչի համար է արվում ամեն բան, չէ՞ որ միմյանց հետ սեղան նստելու ամենակարևոր պահը՝ մարդկանց միասնությունն էր», - պատմում է ազգագրագետը։

Ի դեպ, Ամանորին նախապատրաստվում էին դեռ ամառվանից և աշնանից, երբ հավաքում էին բերքը։ Մսային ուտեստները բացառում էին, քանի որ տարվա սկիզբը համընկնում էր պահքի հետ։ Նկատենք, որ սեղանը մսային ուտեստներով ծանրաբեռնել սկսեցին  անցած դարի 20-ականներից հետո՝ հարկադրված աթեիզմի դարաշրջանում։

Սվետլանա Պողոսյանը նշում է, որ պասային ուտեստները ոչ միայն համեղ էին, այլև օգտակար։

«Մեր ժողովուրդն այդ հարցում բավական հետաքրքիր գիտելիքներով և հմտություններով է օժտված։ Կարծում եմ` դրան պետք է ուշադրություն դարձնել»։

Ինչ տեսք են ունեցել հին հայերը, և ինչով է վտանգավոր «կապուտաչյա տեսությունը»

Մարդիկ միմյանց հյուրասիրում էին այն, ինչ սեփական ձեռքով էին պատրաստում, աճեցնում կամ ստեղծում։ Տոնին նախապատրաստվելը կապված չէր հոգսերի և ավելորդ բեռի հետ։ Մեծ սիրով էին սեղան պատրաստում։

Ազգագրագետը հիշեցնում է մի գեղեցիկ, սակայն մասամբ կորսված ավանդույթի մասին․պատրաստած տոնական ուտեստի մի մասը պարտադիր առանձնացնում էին ծերերի, չունևոր բարեկամների և ծանոթների համար։

Ամանորի ամենագլխավոր ուտեստը տարեհացն էր՝ կլոր հացը, որի մեջ մետաղադրամ էին դնում։ Տանտիրուհիները այն կիսում էին 12 մասի՝ ամիսների քանակով, և բաժանում տան անդամներին։ Նրան, ում բաժին էր ընկնում մետաղադրամը Նոր տարում հաջողություն էր սպասվում։

Գուշակություն էին անում նաև ծիսական խմորի վրա։ Եթե այն բարձրանում էր և  կեղևով պատվում՝ բարին էր սպասվում, եթե խմորը չէր բարձրանում պետք էր հակառակը սպասել ։ Ամանորյա ավանդական գուշակություններն այսօր այնքան էլ տարածված չեն։

«Նախկինում մարդիկ մեծ նշանակություն էին տալիս սեփական տանն ու ընտանիքին։ Դա է պատճառը, որ առաստաղը զարդարում էին երկնային լուսատուների պատկերներով՝ արև, լուսին, աստղեր։ Այս ավանդույթը պահպանվել է դեռ նախաքրիստոնեական ժամանակներից։ Սա խոսում է այն մասին, որ մեր նախնիներն իրենց համարում էին բնության մի մասնիկը․․․», - ասում է Պողոսյանը։

Հին Նոր տարի. պատմություն և ավանդույթներ

Նա նշում է, որ ընդունված էր զարդարել այգու ծառերը։ Առավել շատ զարդարում էին կարմիր գույնով, որպեսզի տարին ավելի շատ «կարմիր», այսինքն, լավ օրեր ունենա։ 

Կապերը  համայնքների միջև շատ սերտ էին։ Ահա, թե ինչու ծանոթներին և մտերիմներին այցելելու ավանդույթը խոր արմատներ ունի։ Շնորհավորում էին Նախևառաջ շնորհավորում էիրն տան մեծերին, իսկ նրանք նվերներ էին պատրաստում երեխաների համար։

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար

Այս ավանդույթները մեզ են հասել դարերի խորքից։ Բնականաբար, դրանցից շատերը մոռացվել են։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք վերջին տարիներին` ազգային ինքնագիտակցության բարձրացման ֆոնին, ակտիվորեն վերածնվում են։ Այսպես, օրինակ` Կենաց ծառը զարդարելը գնալով ավելի մեծ տարածում է գտնում։ Հայերի համար հենց Կենաց ծառն էր երկար տարիներ փոխարինում տոնածառին։ Դրանից բացի, այսօր ամանորյա միջոցառումներին ավելի շատ կարելի է հանդիպել հայկական Ձմեռ պապին, որին Կաղանդ էին կոչում։

Ամանորը բեռ չէ․ ի՞նչ գաղտնիք էր պարունակում տոնը հին հայերի համար