ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Հակառակ ՀՀ իշխանությունների սպասումների, շատ հայաստանցիներ չեն խուսափել «ամանորյա փախուստից» դեպի Վրաստան: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գրում էր, որ սրճարանում հանդիպել է հյուրերի ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից, որոնք եկել են Հայաստանում տոներն անցկացնելու, պարզվում է, որ կան շատ մարդիկ, որոնք հենց Ամանորի նախաշեմին հեռանում են Հայաստանից:
Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը Բագրատաշենի անցակետից, հայ-վրացական սահմանին գոյացել են կլիոմետրանոց հերթեր: Հերթում մնացած մեքենաների մի մասը Իրանից և Չինաստանից զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են: Ուղևորները, ի դեպ, անընդհատ պնդում են, որ ուշանում են ինքնաթիռից, սակայն այդ հանգամանքը չի խանգարում մյուսներին հերթը խախտելու և առաջ խցկվելու հարցում: Սպասողների միջև պարբերաբար ծագում են վեճեր և կոնֆլիկտներ, սակայն ոչ ոք ոչինչ չի կարող անել:
«Մաքսատունն աշխատում է սովորական ռեժիմով, չնայած հոսքը մեծ է: Հերթում կան կանայք և երեխաներ: Եթե նույնիսկ նրանց առաջ են թողնում առանց հերթի, միևնույնն է, նրանք ստիպված սպասում են իրենց փոխադրամիջոցին, որը գտնվում է մաքսատան խցանման մեջ»,- հաղորդում է թղթակիցը:
«Ցրտի բևեռ» Աշոցքն ու Չեմպիոնների լիգան. զբոսաշրջիկները նորովի կզգան ձմեռային Հայաստանը
Արդեն հերթում կանգնած մեքենաներին ավելանում են նորերը: Միջինը սպասում են 5-6 ժամ, այսինքն՝ ոմանք չեն հասցնի Նոր տարին դիմավորել Թբիլիսիում: Նշանակում է, որ Ամանորի գիշերը նրանք կա՛մ կանցկացնեն մաքսատանը, կա՛մ Թիբիլիսի տանող ճանապարհին:
Հատկանշական է, որ մաքսատանը հերթեր են գոյացել նաև երեկ` դեկտեմբերի 30-ին:
Պարզվում է` նման իրավիճակ է նաև Բավրայի անցակետում: Մասնավորապես համացանցի օգտատեր Հասմիկ Դիլանյանը հրապարակել է լուսանկարներ, որոնցում տեսանելի է մարդկանց երկար հերթը: «Իսկ ո՞վ էր ասում, որ Բավրայում հերթեր չկան»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետը կոչ էր արել քաղաքացիներին գալ Հանրապետության հրապարակ և այնտեղ դիմավորել Նոր տարին: Նա հայտարարել էր, որ կառավարությունն ամանորյա միջոցառումների անցկացման նպատակով հատկացրել է լրացուցիչ 270 միլիոն դրամ ոչ թե ճոխ տոնակատարության, այլ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական հարց լուծելու համար, որպեսզի քաղաքացիները Նոր տարին նշեն Հայաստանում: Երևանի քաղաքապետարանը և Տուրիզմի վարչությունն իրենց հերթին հայտարարել են երկիր ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկների մասին: