ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դիրքապահների պարգևատրումների շուրջ առաջացած աղմուկին և նշել, որ 2018 թվականի դեկտեմբերին ՊՆ աշխատավարձի գծով նախատեսված ծախսերի խնայողությունների հաշվին դիրքապահներին վճարվել է միջինը 60 հազար դրամ միանվագ պարգևավճար:
Վարչապետի տեղեկացմամբ՝ 2019 թվականի կեսից բանակում աշխատավարձերի բարձրացման արդյունքում խնայողությունների թիվը եղել է ավելի քիչ, որովհետև միջինը տասը տոկոսով բարձրացել են բոլոր զինծառայողների աշխատավարձերը, ավելացել են առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնողներին տրվող հավելավճարները, ինչպես նաև վերանայվել են ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամական ապահովության չափերը։
«Ինչի՞ համար է աղմուկը և ովքեր են հեղինակները»,- հարցնում է վարչապետը՝ հայտնելով իր տարակուսանքը, առավել ևս, որ հաջորդ տարի նախորդ տարվա 60 հազարի փոխարեն զինծառայողները կստանան 276 հազար դրամ, կրկին ամսական վճարումներով (աճը՝ 360 տոկոս):
Նոյեմբերյանի դիրքեր երեկ` դեկտեմբերի 30–ին կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը տեղում պարզել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին շարքային պայմանագրային դիրքապահները ստացել են 60 հազար դրամ պարգևավճար, իսկ այս տարվա հունիսից 18%-ով կամ շուրջ 25 հազար դրամով բարձրացել են վերջիններիս աշխատավարձերը և մոտ 8 հազար դրամով ավելացել են առաջնագծում ծառայության համար տրամադրվող հավելավճարները։
Նշենք, որ սոցցանցերում բուռն քննարկվում էր դիրաքապահների շատ ցածր և կառավարութան անդամների, պատգամավորների և քաղաքապետարանի աշխատակիցների շատ բարձր պարգևավճարները։