Ապօրինի ձեռնարկատիրության դեպք է բացահայտվել. պետությանը հասցվել է մոտ 12 մլն դրամի վնաս

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրության դեպք, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

ԱԱԾ-ն բացահայտել է ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք

Ըստ ստացված փաստական տվյալների` ՀՀ քաղաքացին, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության 2016թ.-ից մինչև 2019թ դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, խախտելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված նորմերը, փոխշահավետ համաձայնության գալով ՀՀ առևտրային բանկերի որոշ աշխատակիցների հետ, զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նա միջնորդավճարի դիմաց՝ ՀՀ-ում գործող մի շարք փոխանակման կետերին մատուցել է շահավետ փոխարժեքով ընդհանուր առմամբ 36 միլիարդ ՀՀ դրամին համարժեք տարադրամը փոխարկելու ծառայություններ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր՝ 11.667.800 ՀՀ դրամի չափով վնաս:

Փոխանակման վերջին դեպքում նշված անձը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և նրա մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 100.000 ԱՄՆ դոլար, որն առգրավվել է։

Ռազմիկ Աբրահամյանին կրկին կկալանավորե՞ն

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի չափը ճշգրտելու և այն հատուցելու ուղղությամբ։