Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «տուն է վերադառնում». նա կգլխավորի «Փյունիկը»

Ռոման Բերեզովսկին «Փյունիկում» մարզչական աշխատանքը կսկսի ամանորյա տոներից հետո:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին մարզչական կարիերան կշարունակի Հայաստանում:

Ռոման Բերեզովսկին կարող է հայկական թիմ մարզել. նրան տարբեր առաջարկներ են արել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` 45-ամյա մասնագետը կգլխավորի Երևանի «Փյունիկը»: Կողմերն արդեն փոխհամաձայնության են եկել: Բերեզովսկին «Փյունիկում» աշխատանքը կսկսի տոներից հետո:

Հիշեցնենք` 2019թ.–ի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում «Փյունիկի» գլխավոր մարզիչն Ալեքսանդր Թարխանովն էր։ Հոկտեմբերին նրան այլ պաշտոնի տեղափոխելուց հետո թիմը մարզում էր Սուրեն Չախալյանը։

Մխիթարյանի հետ ու առանց նրա, որն է խնդիրը. Ռոման Բերեզովսկին` ազգային հավաքականի մասին

Այս մրցաշրջանում Ռոման Բերեզովսկին աշխատում էր Հայաստանի հավաքականի և ռուսական «Սոչիի» մարզչական շտաբներում: Նոյեմբերի 20-ին նա նշանակվեց նաև «Սոչիի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար, սակայն դեկտեմբերի 8-ին ռուսական ակումբը հայտնեց Վլադիմիր Ֆեդոտովի նշանակման մասին: Բերեզովսկու գլխավորությամբ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում անցկացրեց երկու խաղ՝ ոչ ոքի խաղալով «Ուֆայի» (1:1) եւ «Ռուբինի» (1:1) հետ։

Մինչև «Սոչիին» միանալը Ռոման Բերեզովսկին 2015-2019-ն աշխատել է Մոսկվայի «Դինամոյի» մարզչական շտաբում:

Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել էր, որ Բերեզովսկին բանակցություններ է վարում հայկական ակումբներից մեկի հետ։ 

«Եթե ես հնարավորություն ստանամ ստանձնել հայկական թիմի մարզչի պաշտոնը, կարծես տուն կվերադառնամ: Ֆուտբոլային իմ կյանքը սկսվել է Հայաստանում, ու այդ կապը երբեք չի խզվել: Եթե դառնամ հայկական ակումբի գլխավոր մարզիչ` շատ կուրախանամ ու կնվիրվեմ իմ գործին ինչպես հարկն է: Չէ՞ որ այդ դեպքում ես ավելի կմոտենամ ազգային հավաքականին, ու չի բացառվում, որ նաև ֆուտբոլիստ նախապատրաստեմ մեր առաջին ու ամենակարևոր թիմի համար»- մեզ հետ զրույցում ասել էր նա:

Հիշեցնենք` Ռոման Բերեզովսկին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասը պաշտպանել է 20 տարի` 1996–ից 2016 թվականները։