ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներն իրավասու մարմիններին հորդորում են քրեական վարույթի շրջանակում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ գործողություններ կատարելիս խստիվ պահպանել սահմանադրական օրենքի պահանջները: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։
««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի «Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածով սահմանվում են նաև քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողություններ կատարելու պահանջները, այն է՝ այդ գործողությունները կատարվում են` առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն»,–ասվում է ՍԴ դատավորների հայտարարության մեջ:
Դատավորները նշել են, որ անկախ ստեղծված իրավիճակից՝ աշխատում են բնականոն հունով, հավատարիմ մնալով Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը: Հայտարարության տակ ստորագրել են Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Արման Դիլանյանը, Հրանտ Նազարյանը, Աշոտ Խաչատրյանը, Արայիկ Թունյանը և Ֆելիքս Թոխյանը։ Բացակայում է միայն ՍԴ դատավորներից մեկի` Վահե Գրիգորյանի ստորագրությունը։
Թովմասյանի անձեռնմխելիության հարց կա՞ր. պարզաբանում է դատախազությունը
Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։
Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը) քրեական գործ հարուցելու մասին: Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:
Առանց ՍԴ–ի ակտի Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը հանցագործություն է. Հարությունյան
Դեկտեմբերի 27–ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ` ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու համար քրեական գործով 2 դրվագով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Թովմասյանին վերագրվում է մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, շահադիտական դրդումներով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած երկու դրվագ պաշտոնեական լիազորությունների չարաշահում:
Քանի որ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը, ուստի ՀՀ գլխավոր դատախազի դեկտեմբերի 26–ի որոշմամբ` Թովմասյանը քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, ներգրավվել է որպես մեղադրյալ:
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով
Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ սահմանված կարգով նրան մեղադրանք առաջադրելու համար:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: