ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Նախագահին փոխելուց հետո Հայաստանը ԵՏՀ–ում երկու նախարարական պորտֆել կստանա, Sputnik Արմենիային հայտնեցին ԵՏՀ–ից։
Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստին ԵԱՏՄ երկրների ղեկավարները հաստատեցին ԵՏՀ Կոլեգիայի նոր անդամներին։ ԵՏՀ նոր ղեկավարը կլինի Բելառուսի նախկին վարչապետ և Հանրապետության խորհրդի ներկայիս ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը (նա կփոխարինի Տիգրան Սարգսյանին)։
Եվրասիական տնտեսական խորհրդի բարձրագույն նիստի անդամները հաստատեցին Հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը, որը կաշխատի չորս տարի։ Ինչպես և նախկինում Միության յուրաքանչյուր երկիր Կոլեգիայում կունենա երկու ներկայացուցիչ։ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը աշխատանքները կսկսի 2020 թվականի փետրվարի 1-ից։
Այդ օրվանից էլ պաշտոնը կստանձնի ԵՏՀ Կոլեգիայի նոր նախագահ` Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը։
Ինչ փոխեց 2019–ը հայ–ռուսական հարաբերություններում. արդարացա՞ն բացասական կանխատեսումները
Հայաստանից Կոլեգիայի նոր անդամներ կլինեն Արտակ Քամալյանը (էկոնոմիկայի գործող փոխնախարար) և Գեղամ Վարդանյանը (բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ )։ Արտակ Քամալյանը նշանակվել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար): Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Ալեքսանդր Սուբոտինը (Բելառուս)։
Գեղամ Վարդանյանը նշանակվել է ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար)։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Կարինե Մինասյանին (Հայաստան):
Աշխատանքը Հանձնաժողովում կշարունակեն ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն (Բելառուս), ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը (Ղազախստան), ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը (Ղազախստան)։
Իրենց պաշտոնները կպահպանեն նաև ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Աքմատովը (Ղրղըզստան), ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների գծով Կոլեգիայի անդամ էմիլ Կայկիևը (Ղրղըզստան), ԵՏՀ Ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը (Ռուսաստան) և ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան (Ռուսաստան):
Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը
Նշենք, որ ԵՏՀ գործող նախագահ, ՀՀ ԿԲ նախկին ղեկավար և Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ ղեկավարի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 1-ին։