Ղազախստանում հրաժեշտ են տվել ինքնաթիռի վթարից մահացած ուղևորներին

Սգո արարողությանը մասնակցում էր նաև քաղաքապետ Բախիտժան Սագինթաևը։ Ղազախստանում հրապարակել են Bek Air ինքնաթիռի անկման ժամանակագրությունը` րոպե առ րոպե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի –Sputnik. Ղազախստանում այսօր տեղի է ունեցել Bek Air ավիաընկերության ինքնաթիռի վթարման հետևանքով զոհվածների հուղարկավորությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հրապարակվել է Ղազախստանում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ու տուժածների ցանկը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 27-ին Bek Air ավիաընկերության ինքնաթիռը պետք է իրականացներ Ալմաթի–Նուր Սուլթան չվերթը։ Օդանավակայանից դուրս գալիս այն կորցրել է կառավարումը, բախվել բետոնե պարիսպին, այնուհետև երկհարկանի շինությանը և ընկել բնակելի հատվածում։ Ինքնաթիռում 95 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել։ Մահացել է 12 մարդ, այդ թվում օդանավի կապիտանը։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել։

Ոստիկանությունը միջադեպի երեք վարկած է առաջ քաշում` օդանավի տեխնիկական անսարքություն, եղանակային պայմաններ, ինչպես նաև  օդանավի կառավարման ժամանակ թույլ տրված հավանական սխալներ։ Ղազախստանում շաբաթ օրը համազգային սուգ էր հայտարարված։

Մահացածների թվում է նաև «Գեներալների խորհուրդ» հանրապետական հասարակական միավորման պրեզիդիումի նախագահ Ռուստեմ Կայդարովը։

Ալմաթիում տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվն աճում է. նորածինը ողջ է մնացել

Սգո արարողությանը մասնակցում էր նաև Ալմաթիի քաղաքապետ Բախիտժան Սագինթաևը։ 

Իսկ մայրաքաղաք Նուր Սուլթանում հրաժեշտ են տվել ավիավթարից զոհված Արման Իսինային և լրագրող Դանա Կրուգլովային։

Ղազախստանում ինքնաթիռի կործանման հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Ղազախստանում հրապարակվել է նաև Bek Air ինքնաթիռի անկման ժամանակագրությունը րոպե առ րոպե։ Օդանավակայանի տվյալներով` ինքնաթիռը վերելք է կատարել տեղի ժամանակով ժամը 07:21–ին։ Արդեն 07:22-ին օդանավն անհետացել է ռադարների տեսադաշտից։ Երկու րոպե անց թռիչքների ղեկավարը տագնապ է հայտարարել։  07:35–ին նա հայտնել է ավիավթարի մասին։ Դրանից մեկ րոպե անց վայր է ժամանել օդանավակայանի հրշեջ–փրկարարական առաջին հաշվարկը։