Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Անցնող` նախաօլիմպիական տարին շատ կարևոր էր հայկական սպորտի համար: Հաղթանակների ու պարտությունների կողքին զերծ չմնացինք նաև ոչ ցանկալի իրավիճակներից, որոնք մեկ բառով կարելի է կոչել սկանդալ:
Sputnik

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Քրեական գործ և հայտնի ղեկավարների հրաժարականներ: Sputnik Արմենիան հետադարձ հայացք է ձգել անցնող տարուն և մեկտեղել աղմկահարույց գործերն ու սկանդալները, որոնք գրանցվել են հայկական սպորտում 2019 թվականին: Հիմա ամեն ինչի մասին մանրամասն։

Փոխնախարարի ձերբակալումը

ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալումը ինչքան որ անսպասելի, այնքան էլ ցնցող էր: Լոռեցյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերին. ստացվում է, որ նա պաշտոնավարեց մեկ տարուց մի փոքր ավելի:

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

ԱԱԾ ձեռք բերած նախնական տվյալների համաձայն` Լոռեցյանն աջակցություն էր ցուցաբերել մի տնտեսվարողի, որը մասնակցել էր նախարարության կողմից մարզագույք և մարզահագուստ տրամադրելու մրցույթներին: Ինչպես հետո պարզվեց, Լոռեցյանի հետ ձերբակալվել էր նաև «Լոկոմոտիվ» ՖԱ նախագահ Հրաչ Քանանյանը, որը հենց այդ տնտեսվարող էր:

Գևորգ Լոռեցյանն ազատվել է պաշտոնից

Ամենացավոտ պարտությունը ֆուտբոլում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական խմբի վերջին խաղում նոր հակառեկորդ սահմանեց իր պատմության մեջ: Մեր ընտրանին 1:9 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին:

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Մինչ այդ խաղը մեր հավաքականն ամենախոշոր պարտությունները` միևնույն 0:7 հաշվով, կրել էր Վրաստանի և Չիլլիի հավաքականների հետ խաղերում: Բայց ի տարբերություն նշված հանդիպումների, Իտալիայի հետ խաղը պաշտոնական էր: Եվ այդ պարտությունն անհետևանք չմնաց:

Արթուր Վանեցյանի հրաժարականն ու ՀՖՖ նոր ղեկավարության ընտրությունները

Բազմաթիվ քննադատությունների հետևանքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու ՀՖՖ գործկոմը` ամբողջ կազմով, հրաժարական ներկայացրեցին: Իտալիայից կրած 1:9 հաշվով պարտությունն ապացուցեց, որ հայկական ֆուտբոլում անառողջ մթնոլորտ է տիրում, և հրաժարականները սպասելի են:

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Բայց ՀՖՖ արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահ և փոխնախագահ ընտրվեցին այն մարդիկ, ովքեր փաստացի ղեկավարում էին ֆուտբոլային գերատեսչությունը, երբ Վանեցյանը միաժամանակ ԱԱԾ տնօրենն էր և ՀՖՖ նախագահը: Ստացվեց, որ ֆուտբոլից հեռացվեց Արթուր Վանեցյանը, որը մինչ այդ էլ այնքան էլ մեծ կապ չուներ միլիոնների խաղի հետ:

«Նման խայտառակ ընտրություն չեմ տեսել». Հենրիխ Մխիթարյանի մորը դուրս թողեցին գործկոմից

Լևոն Ջուլֆալկյանի անսպասելի որոշումը

Պարզ երկնքում որոտի պես հնչեց օլիմպիական չեմպիոն և Հայաստանի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի հրաժարականը: 20 տարի գլխավորելով Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը` Ջուլֆալկանը որոշեց, որ էլ չի կարող ղեկավարել մի հավաքական, որի մարզիկները բաժանվել են երկու բևեռի:

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Հրաժարականի հիմնական պատճառն այն էր, որ Ջուլֆալակյանն աշխարհի առաջնության գորգի վրա ուզում էր տեսնել իր որդուն՝ Արսեն Ջուլֆալկյանին, իսկ շատերի կարծիքով աշխարհի առաջնությանը 77կգ քաշային կարգում պետք է մասնակցեր Կարապետ Չալյանը:

Ջուլֆալակյան. «Մեր հավաքականում կազմակերպվել է դավադրություն»

Հավելենք, որ Ջուլֆալակյանի աշխատանքային 20 տարիների ընթացքում հայ ըմբիշները նվաճել են օլիմպիական չեմպիոն կոչումը(Արթուր Ալեքսանյան), 7 անգամ մեր հավաքականի մարզիկները նվաճել են աշխարհի, և 14 անգամ էլ Եվրոպայի չեմպիոն կոչումները: Իզուր չէ, որ Լևոն Ջուլֆալակյանը համարվում է անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզիչը:

Բռնցքամարտում դեռ հստակություն չկա

Շարունակվեց նաև Օլիմպիական կոմիտեի ու Հայաստանի բռնցքամարտի հավաքականի հակամարտությունը: Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և Հայաստանի օլիմպիական կոմիտեի տարաձայնությունների պատճառով մեր երկրում արդեն վաղուց կա նաև երկրորդ ֆեդերացիան: Այս ամեն, իհարկե, չի նպաստում հայ բռնցքամարտիկների գործունեությանը:

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Բայց նույնիսկ այդպիսի պայմաններում Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Բաչկովը բրոնզե մեդալ նվաճեց նաև աշխարհի առաջնությունում:

Հայկական սպորտում այլ ցավոտ պարտություններ, հրաժարականներ ու հաճելի հաղթանակներ գրանցվել էին անցնող տարում։ Բայց մենք առանձնացրել էինք միայն ամենաաղմկահարույցները։ Հուսանք` 2020–ը լավ առումով ավելի նշանակալի կդառնա հայկական սպորտի համար, քան 2019–նն էր։