ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորում հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են Վանաձորի զարգացման ծրագիրը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում են նաև իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային և մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով: Ծրագրի մեջ են մտնում նաև Ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման և այլ ենթակառուցվածքների բարելավման նախագծեր:
Փաշինյանը տիկնոջ հետ ծանոթացել է Վանաձորի զարգացման ծրագրերին. լուսանկարներ
Վարչապետը կարևորել է վերը նշված փողոցների հիմնանորոգման ծրագիրը և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր:
Փաշինյանը նշել է, որ մյուս ծրագրերի իրականացման հնարավորությունները պետք է քննարկել պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է այդ ուղղությամբ քննարկումներ սկսել պոտենցիալ գործընկերների հետ, մշակել բիզնես պլան և ըստ այդմ շարժվել առաջ:
Բոլորով գնում ենք դբա լավը. Փաշինյանը խոստանում է Վանաձորի էֆեկտը ստանալ բոլոր քաղաքներում