Գեղասահորդ Արթուր Դանիելյանը Ռուսաստանի առաջնությանը մեդալ է նվաճել

Գեղասահորդ Արթուր Դանիելյանը հիասքանչ ելույթ է ունեցել Ռուսաստանի առաջնության ժամանակ` լավագույն արդյունքը ցուցադրելով ազատ ծրագրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Արթուր Դանիելյանը դարձավ գեղասահքի Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։ Նշվում է, որ առաջնության մասնակիցների թվում 16-ամյա մարզիկն ազատ ծրագրում ցուցադրել է ամենաբարձր արդյունքը։ Դանիելյանն իր ելույթի համար 177,70 միավոր է ստացել։

Հայ գեղասահորդը գեղեցիկ ելույթ է ունեցել Ձմեռային ունիվերսիադայում. տեսանյութ

Մրցակցային երկու օրերի արդյունքով նա 253,42 միավոր է հավաքել։

Ազատ ծրագրում նա հիասքանչ սահել է Ջուզեպե Վերդիի («Տրավիատա») երաժշտության տակ։ Երևում էր, որ Արթուրը գոհ է ազատ ծրագրի իր կատարումից։

Դանիելյանի ելույթը մեկնաբանել է հայտնի մարզիչ Տատյանա Տարասովան։ «Կարելի է «Բրավո» ասել։ Կարելի է ասել, ոչ այն պատճառով, որ մարզիչներն իմ ընկերներն են։ Պարզապես ես գիտեմ, թե որքան են նրա հետ աշխատում, և ինչպես նա կարող է սահել», – ասել է Տարասովան։

Մասնագետները նշել են, որ նրա սահքը բոլոր գնահատականներից վեր էր, նա միայն մեկ սխալ է թույլ տվել։

Դանիելյանն լրագրողներին հայտնել է, որ այժմ նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանը։

«Հայերեն գիտեմ». Արթուր Դանիելյանը` հայերի, Ռուսաստանի ու հայկական խոհանոցի մասին

Նշենք, որ Կրասնոյարսկում անցկացված առաջնության հաղթողը Դմիտրի Ալիևն էր (260.98 միավոր), բրոնզե մեդալակիր դարձավ Ալեքսանդր Սամարինը (252,74 միավոր)։