«Երկրի ղեկավարության ուշադրությունը դրական է հայկական ֆուտբոլի համար». Գալստյան

«Արարատ–Արմենիա» ակումբի գործադիր տնօրենը հույս հայտնեց, ապագայում նրանք չեն կրկնի նախորդ տարիների սխալները ու կփորձեն օգտակար լինել հայկական ֆուտբոլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. «Արարատ-Արմենիա» ակումբի գործադիր տնօրեն, ՀՖՖ գործկոմի անդամ Պողոս Գալստյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը ֆուտբոլի հանդեպ առավելություն է։

«Անկեղծ ասած, շատ հաճելի է։ Կարծում եմ` երկրի ղեկավարության ուշադրությունը մեծ առավելություն է ամբողջ հայկական ֆուտբոլի համար։ Աշխարհում կա նման պրակտիկա` պետությունը պետք է օգնի ֆուտբոլին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գալստյանը։

Մխիթարյանի գոլը BBC-ն համարել է վերջին տասնամյակի ֆուտբոլի ամենահիշարժան դրվագներից մեկը

Հարցին` ինչպես անցան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, Գալստյանը պատասխանեց.

«Կարծում եմ` ընտրությունները ժողովրդավարական էին, հաջող անցան։ Կշարունակենք աշխատել հօգուտ հայկական ֆուտբոլի։ Հուսով եմ` նախորդ տարիների սխալները չենք կրկնի։ Կաշխատենք օգտակար լինել հայկական ֆուտբոլին», – նշեց նախկին ֆուտբոլիստը։

Անդրադառնալով ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանի` ընտրությունների ընթացքում ցուցադրաբար հեռանալուն, Գալստյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, դա հույզերի ազդեցության տակ էր։ «Այլ կերպ լինել չի կարող։ Գիտեք` հայերը շատ տաքարյուն են».–հավելեց նա։

Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակի թեկնածուները 25-ն են. ովքեր են նրանք

Հիշեցնենք` դեկտեմբերի 23–ին գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 քվե։ 3 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր։ «Արարատ–Արմենիա» ակումբի գործադիր տնօրեն Պողոս Գալստյանը ՀՖՖ գործկոմի նոր անդամ դարձավ։

Ֆուտբոլում պետք է բացառվեն քրեականացումն ու կոռուպցիան. Փաշինյանն ընդունել է ՀՖՖ նախագահին

Պողոս Գալստյանը խորհրդային և հայ ֆուտբոլիստ է, կիսապաշտպան, ռուսաստանցի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ։