Թովմասյանի մեղադրանքը վերաբերում է նախարար աշխատած տարիներին թույլ տված չարաշահումներին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել ՍԴ անդամին առաջադրված մեղադրանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ՍԴ անդամ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է ոչ թե ՍԴ դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ նրա` արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում թույլ տված չարաշահումներին։ Այսօր 2019 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել. հայտնի է` ինչի համար է նա մեղադրվում. ՀՔԾ

«Գործը վերաբերում է նրա նախարար աշխատած տարիներին թույլ տված ինչ–ինչ չարաշահումներին»,– ասաց նա։

Այլ մանրամասներ Բադասյանը չհայտնեց` նշելով, որ քրեական գործի բոլոր մանրամասներին չի տիրապետում, քանի որ քննչական մարմնի ներկայացուցիչ չէ։

Ինչ վերաբերում է Թովմասյանի` որպես ՍԴ անդամ ունեցած անձեռնմխելիությանը, Բադասյանը պարզաբանեց, որ, քանի որ գործը վերաբերում է ոչ դատավորի կարգավիճակում կատարած արարքին, ապա Թովմասյանի ներկայիս անձեռնմխելիությունը չի տարածվում այդ ժամանակահատվածի վրա։

«Բազմիցս հայտարարվել է, որ ոչ մի անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Մեր երկրում նայեք քանի նախկին ու ներկա պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ մարդկանց, այդ քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,– ասաց նախարարը։

Հիշեցնենք` 2019թ.–ի հոկտեմբերի 17-ին ՀՔԾ–ն հայտնել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մի խումբ պաշտոնատար անձինք յուրացրել են իշխանությունը։

ՍԴ–ն վերիշխանական մարմին է. սահմանադրագետը` Թովմասյանի հարցաքննության մասին

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու մասին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (այն է` իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը): Բաբաջանյանի հայտարարությունը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին:

Թովմասյանի հարցաքննությունը նրանից ազատվելու համար է արվում. Դավիթ Հարությունյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հատուկ քննչական ծառայությունն այսօր առավոտից ՍԴ շենքում հարցաքննում է Հրայր Թովմասյանին։