Արմեն Թավադյանի կալանավորումն ունի որոշակի քաղաքական շեշտադրում, որն ուղղված է ազատ խոսքի դեմ և լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելուն։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Ըստ նրա՝ սա միակ դեպքը չէ, որից կարելի է եզրակացություններ անել. վերջին մեկուկես տարվա ընթացքում լրատվամիջոցների և լրագրողների գործունեության դեմ բազմաթիվ խոչընդոտներ են եղել:
«Ամենահետաքրքիրն այն է, որ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ արդեն երկրորդ դեպքն է տեղի ունենում: Նա չի թաքցրել իր քաղաքական հայացքները կամ իր մտերմությունը առանձին քաղաքական գործիչների կամ անհատների նկատմամբ»,- նշեց Ժուռնալիստների միության նախագահը:
Դեկտեմբերի 26–ին «5–րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը երկու ամսով կալանավորվել է։ Թավադյանը ձերբակալվել է 2008թ–ի մարտի 1–ի դեպքերի վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով:
Այդուհանդերձ, Սեյրանյանի համար տարօրինակ և մտահոգիչ է, որ մարդուն միանգամից բերման են ենթարկում, և նա նախապես ծանուցում չի ստանում: Ըստ նրա՝ եթե նման դեպքերում անձը կարող էր ազատության մեջ գտնվել մինչև մեղադրական դատավճռի կայացումը, ապա այս դեպքում խստագույն խափանման միջոցի տեսակն է ընտրվել, ինչը ևս մտահոգության տեղիք է տալիս։
«Սա լրատվամիջոցի նկատմամբ անուղղակի ճնշում գործադրելու փորձ է, սեփական կարծիք ունենալու, տեղեկություն ստանալու և տարածելու ազատությունը խոչընոտելու փորձ է և միտում, որն ուղղված է ամբողջ մամուլի դեմ, ազատ խոսքի դեմ»,- ասաց Սեյրանյանը:
Ամփոփելով տարին՝ Ժուռնալիստների միության նախագահն արձանագրում է, որ բավական լուրջ թիվ են կազմում լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելու դեպքերը, մամուլի դեմ դատարաններում առկա հայցերն ու առանձին բարձրաստիճան պաշտոնյաների` մամուլի հասցեին արված հայտարարությունները:
«Կարող եմ վստահաբար եզրակացնել, որ դատական իշխանության նկատմամբ ոտնձգություններն ավարտելուց հետո իշխանությունները շատ կոնկրետ թիրախավորելու են մամուլը: Միտումն արդեն կա, ուստի լինելու է բացահայտ պայքար»,- ընդգծեց նա:
Փաշինյանի կինը պատասխանել է իր բրյուսելյան այցը քննադատող ԶԼՄ–ներին
Սեյրանյանի դիտարկմամբ՝ այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք նույնիսկ գաղափարի տեսքով նետվում են դաշտ, և օրենքներ են բերվում, որոնք ոլորտի ներկայացուցիչների հետ ընդհանրապես չեն քննարկվում, այլ կազմակերպվում են ձևական քննարկումներ որոշ կազմակերպությունների հետ, թույլ են տալիս եզրակացնել, որ 2020 թվականը հայաստանյան մամուլի համար լինելու է լուրջ մարտահրավերների տարի, հետևաբար, պետք է զգոն և զգույշ լինել, որովհետև ցանկացած պահի մեզնից որևէ մեկը կարող է թիրախում հայտնվել: